Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Առուստամյան. «Համաներումը սկսված է»

Հոկտեմբեր 08,2013 11:44

Այսօր «Հենարան» ակումբում համաներման թեմային անդրադարձավ Արդարադատության նախարարության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:

«Անկախության տարիներից ի վեր՝ այս համաներումը թվով իններորդն է, նպատակը` զուտ մարդասիրությունն է: Համաներման ակտն իր բնույթով ավելի լայն կիրառման շրջանակներ ունի, քան նախորդներն են եղել, այս անգամ այն արարքները, որոնց վրա չպետք է կիրառվեր համաներումը` դրանց վրա եւս տարածվում է»,- նշեց Նիկոլայ Առուստամյանը:

Համաներման համար բացառություն են կազմում մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, սեռական բնույթի եւ թմրամիջոցների վերաբերյալ հանցագործությունները:

Նիկոլայ Առուստամյանն ասաց, որ մոտ 500-600 հոգի պետք է ազատվի պատժից, 900-1000 հոգու պատժի չափը կկրճատվի:

Նիկոլայ Առուստամյանն անդրադառնալով Տիգրան Առաքելյանի գործին՝ ասաց, որ ինքը անհատական որեւէ գործի վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում, սակայն համաներման ակտը կարող է տարածվել մինչեւ վճռի հրապարակումը: Պատիժ նշանակելիս դատարանը կարող է կիրառել համաներման ակտը:

«Համաներման ակտը նորմատիվ իրավական ակտ է, եւ անկախ նրանից դատապարտյալը ինչ կամայականություն կցուցաբերի` այն կիրառվում է»,- ավելացրեց Նիկոլայ Առուստամյանը, շարունակելով, որ համաներումից դրական արդյունք է լինում, քանի որ պետության համար տնտեսական իմաստով շահավետ է լինում:

Նիկոլայ Առուստամյանը շեշտեց, որ անօրինական միջոցներով ոչ մեկը չի կարող համաներման ներկայացնել իր փաստաթղթերը, գումարի, ծանոթների միջոցով ոչինչ չի լինի, քանի որ խիստ վերահսկողություն է լինելու, եւ չնայած չի բացառվում փողով հարցեր լուծելու մտադրություններ լինեն, սակայն ըստ նրա` դա բացառված է:

Նիկոլայ Առուստամյանը տեղեկացրեց, որ համաներման գործընթացը սկսված է, արդեն այսօր ժամը 11:00-ից մարդկանց որոշ խումբ պատժից կազատվի:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031