Հատված քաղաքական վերլուծաբան, Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) վերլուծաբան եւ Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող Հրանտ Կոստանյանի հետ Հարցազրույց
– Կարծիքներ կան, որ ԵՄ–ն կկրճատի Հայաստանում իրականացվող ծրագրերի բանակը եւ հետագայում բոլոր միջոցները, որոնք Եվրամիությունը կորոշի հատկացնել Հայաստանին, կտրամադրվեն արդեն ոչ թե ՀՀ կառավարությանը, այլ՝ քաղաքացիական եւ հասարակական կազմակերպություններին։
– ԵՄ-ն սովորաբար աշխատում է բոլոր ուժերի հետ, թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական, թե՛ հասարակական։ Դեռ ժամանակ է պետք, որպեսզի հստակ տեղաշարժեր տեսնենք, բայց փորձ, որպես այդպիսին, այլ երկրների հետ կա։ Օրինակ, Բելառուսի պարագայում այսօր ԵՄ-ն որեւէ աջակցություն չի տրամադրում կառավարությանը եւ դրա փոխարեն 2011– ից մինչեւ այսօր 6 անգամ ավելացրել է հասարակական կազմակերպություններին ուղղված աջակցությունը։ Հայաստանի պարագայում միայն մի բան է հստակ, որ այն բոլոր ծրագրերը, որոնց միջոցով ԵՄ-ն պետք է աջակցեր ՀՀ կառավարությանը՝ անցկացնելու բարեփոխումներ, այսօր չեն կարող լինել գոնե
այն ծավալներով, որով նախատեսվում էր մինչեւ հայտնի հայտարարությունը։ Ես նկատում եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում այն, ինչ որ իրենք արել են։ Իրենց ստեղծած իրականությունը փորձում են այլ կերպ ներկայացնել, հաճախ մոլորեցնել մարդկանց եւ այս վերջին շրջանին նույնիսկ փորձեր են կատարում մեղքը բարդելու ԵՄ-ի վրա։
– Որոշ փորձագետներ ասում են, որ ՄՄ–ն որպես այդպիսին՝ այդքան էլ հեռանկարային կառույց չէ եւ ժամանակի ընթացքում կփլուզվի։ Այդ ժամանակ Հայաստանը կկարողանա՞ վերագտնել ԵՄ–ի հետ իր հարաբերությունները։
– Այն գիտական կենտրոնում, որտեղ ես աշխատում եմ, անցյալ տարվա վերջին ես եւ երկու տնտեսագետ եւ իրավաբան կոլեգաներս մի մեծ աշխատություն ենք գրել ՄՄ-ի վերաբերյալ եւ եկել ենք այն եզրակացության, որ ՄՄ-ին լուրջ ապագա չի սպասվում։ Սա հիմնված է այն փաստերի եւ վերլուծությունների վրա, որ ունենք մեր ձեռքի տակ։ Հիմա խնդիրը հետեւյալն է, եթե նույնիսկ ՄՄ-ն չգոյատեւի, ինչը որ մենք ենթադրում ենք, այն ամբողջովին խարխլվի, վերանա որպես այդպիսին, Հայաստանն արդեն շատ վնասներ կրած կլինի։ Եվրամիությունը միշտ եղել է Հայաստանի կողքին եւ կատարել է այն պարտավորությունները, որ իր վրա վերցրել է, իսկ եթե կա կողմ, որը չի կատարել իր պարտավորությունները, ՀՀ այսօրվա ղեկավարությունն է, բայց կրկնում եմ՝ ԵՄ-ն կշարունակի մնալ Հայաստանի կողքին։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում