Եթե ճիշտ չէր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում դիմավորելը լոլիկներով ու ձվերով, ինչը չեղավ, ճիշտ չէր նաեւ նրան փուչիկներով ու ծաղիկներով դիմավորելը, ինչը եղավ: Զարուհուն օդանավակայանում դիմավորեցին այնպես, ինչպես դիմավորում են մեր շախմատի թիմին` օլիմպիական հերթական ոսկուց հետո: Ճիշտ է, դրոշներ չկային, բայց փուչիկներն ու ծաղիկներն էին շատ:
Արդեն Երեւանում Զարուհին ամեն տեղ ու ամեն կերպ ցույց տվեց, որ ինքը ոչ միայն իր հարցը սխալ չի համարում, այլեւ առիթի դեպքում կարող է եւ կրկնել: Իմիջիայլոց ասենք, որ Զարուհու հարցը ճիշտ նույնությամբ կրկնել է ԵԽԽՎ-ի բյուրոյի նիստի ժամանակ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը… Այսինքնՙ Զարուհին մինչեւ այս պահը վստահ է, որ ինքը ճիշտ է արել եւ դեռ քիչ է արել:
Թողնենք մի կողմ, որ ԵԽԽՎ-ն բացառապես քաղաքական մարմին է, հետեւաբար այնտեղ պետք է բացառապես քաղաքական հարցեր քննարկվեն, իսկ այս կամ այն նախագահի` կազինո գնալ-չգնալն ամենեւին էլ քաղաքական հարցերի շրջանակում չի տեղավորվում: Սա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ Զարուհին իր հարցով եւ Սերժ Սարգսյանը իր պատասխանով ԵԽԽՎ-ում ներկայացրին հայաստանյան իրականությունը, որտեղ, հիշենք, «ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է»: Հայաստանի ժողովրդի մի զգալի մասին, իրոք, Սերժ Սարգսյանից ավելի շատ հետաքրքրում են ոչ թե նրա ներքին-արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերը, այլ նրա` կազինո գնալ-չգնալը: Եվ երբ Զարուհին ասում է, թե ինքը Ստրասբուրգում հնչեցրել է «Հայաստանի քաղաքացիների զգալի մասին հետաքրքրող հարց», այս համապատկերում իրավացի է:
Իտալացիներին, օրինակ, եւս շատ հետաքրքրում էին նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ցոփ կյանքի առանձնահատկությունները, բայց ԵԽԽՎ-ում ոչ մի իտալացի պատվիրակ Սիլվիո Բեռլուսկոնիից երբեք չհետաքրքրվեց նրա անձնական կյանքով, չնայած իտալացիների մեծամասնությանը գուցե Բեռլուսկոնիի կյանքն ավելի հետաքրքրական էր, քան նրա վարած քաղաքականությունը:
ԵԽԽՎ-ն քաղաքական հարցեր քննարկելու հարթակ է, եւ Եվրոպայում այս մասին գիտեն: Միայն Եվրոպայում, փաստորեն:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում