Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եղիազարյանը երբևէ չի բարձրաձայնել իր առջև ծառացած ֆինանսական խնդիրների մասին»

Հոկտեմբեր 07,2013 22:24

Վերջին օրերին «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրում մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ, ծրագրի նախկին շահառու Ֆելիքս Եղիազարյանի կողմից, զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար տարածվում է միակողմանի և չհիմնավորվող տեղեկատվություն, ինչի  կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.

2012թ. փետրվարի 2-ին ՀՀ գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լ. Անանյանի խնդրանքով, ծրագրում առաջացած թափուր տեղերի հաշվին, Ֆելիքս Եղիազարյանն ընդգրկվել է ծրագրի շահառուների ցուցակում և նրան ամրագրվել է 45.0 քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարան՝ 8325000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

Մեր բնակարանաշինական ծրագրերում սահմանված կարգի համաձայն՝ բնակարանի ամրագրումից հետո, տասնօրյա ժամկետում շահառուն պարտավոր է կատարելու բնակարանի արժեքի առնվազն 20 տոկոսի չափով կանխավճար, որից հետո նա իրավունք է ստանում դիմելու ծրագիրը սպասարկող բանկին և անցնելու վարկունակության նախնական գնահատում:

Նշված ժամկետը սահմանվել է նաև Ֆ. Եղիազարյանի դեպքում, սակայն հետագայում, իր իսկ խնդրանքով, բնակարանի կանխավճարը վճարելու վերջնաժամկետը երկարաձգվել է: 2013թ. մարտի 2-ին նա վերջապես կատարել է սահմանված կանխավճարը (1615000 ՀՀ դրամի չափով) և նրան տրվել է համապատասխան տեղեկանք բանկ դիմելու և վարկունակության նախնական գնահատում անցնելու համար:

2012թ. հունիսին ծրագիրը սպասարկող ՎՏԲ-Հայաստան բանկը, վարկունակության նախնական գնահատում կատարելուց հետո Ֆ. Եղիազարյանին տեղեկացրել է, որ նրա տարեկան եկամուտների չափը թույլ է տալիս տրամադրելու 4600000 ՀՀ դրամի չափով վարկային գիծ, իսկ մնացած 2110000 ՀՀ դրամը նա պետք է վճարի իր սեփական ֆինանսական միջոցների հաշվին:

Միաժամանակ շահառուն ծանուցվել է, որ անհրաժեշտ է ավելացնել նշված չափով կանխավճարը և դիմել բանկին վարկունակության հիմնական գնահատում անցնելու, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար, որին կհաջորդի վարկի վերջնական հաստատումը և անշարժ գույքի առուվաճառքի ու գրավի եռակողմ պայմանագրի կնքումը:

2013թ. մարտի 1-ից մեկնարկել է նշված ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկավորման գործընթացը, որի արդյունքում մինչ օրս ծրագրի ավելի քան 90 շահառուների հետ կնքվել են հիփոթեքային պայմանագրեր և նրանց տրամադրվել են համապատասխան չափի հիփոթեքային վարկային գծեր:

2013թ. հունիսի 17-ին ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից մեր կազմակերպությանը տրամադրվել է տեղեկատվություն՝ այդ պահի դրությամբ հիփոթեքի պայմանագրեր չկնքած շահառուների կողմից վարվող վարկավորման գործընթացի վերաբերյալ, որտեղ ի թիվս այլոց՝ Ֆելիքս Եղիազարյանի անվան դիմաց նշվել է, որ հիմնական վարկունակության գնահատման համար նման հաճախորդ բանկին չի դիմել և համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել:

Այդ մասին ծանուցվել է շահառուին, սակայն նա որևէ կերպ չի արձագանքել հիփոթեքային վարկային պայմանագիր կնքելու վերաբերյալ ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից բազմիցս տարածված տեղեկատվությանը:

Ի դեպ, նա նույնքան հաստատակամությամբ անհաղորդ է մնացել այս ամբողջ ժամանակահատվածում ծրագրի շրջանակում կազմակերպված բոլոր միջոցառումներին՝ շահառուների հետ կազմակերպվող հանդիպում-քննարկումներին, շինարարական հրապարակում կազմակերպված շրջայցներին, ներքին հարդարման նյութերի ընտրությանը և այլն:

Նույնքան տարակուսելի է, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում Ֆ. Եղիազարյանը երբևէ չի բարձրաձայնել իր առջև ծառացած ֆինանսական խնդիրների մասին, մինչդեռ ԵՊՀ շրջանավարտների միավորումը մշտապես արձագանքել է բոլոր շահառուների խնդիրներին, դրանց տալով փոխադարձ ընդունելի (շինարարության ընթացքը չվտանգող) լուծումներ՝ ելակետ ունենալով անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի որևէ շահառու դուրս չմնա սոցիալական բնակարանաշինական ծրագրերից:

Ի վերջո, 2013թ. սեպտեմբերի 30-ին մեր կազմակերպության կողմից սահմանված վերջնաժամկետի ավարտից հետո, դադարեցվել են բնակարանաշինական ծրագրերի մի խումբ շահառուների, այդ թվում՝ Ֆելիքս Եղիազարյանի հետագա մասնակցությունը ծրագրին:

Ավելորդ չենք համարում հանրությանը տեղեկացնել, որ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրում ներգրավված են թվով 78 ստեղծագործողներ, որոնցից  են 25-ը՝ գրողներ են, 19-ը՝ նկարիչներ, 24-ը՝ դերասաններ և 10-ը՝ այլ ստեղծագործական միությունների անդամներ և անհատ ստեղծագործողներ, ինչը փաստում է, որ նույնքան անհիմն է Ֆ. Եղիազարյանի այն պնդումը, թե նշված ծրագրի շահառուների անվանացանկում ստեղծագործողներ գրեթե չեն մնացել:

Հայտնելով վերոգրյալի մասին, ակնկալում ենք նշված հարցի շուրջ զանգվածային լրատվության միջոցների կողմից համակողմանի և անաչառ տեղեկատվության տարածմանը, իսկ Ֆելիքս Եղիազարյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս գործընթացի անհարկի շահարկումներից և սոցիալական բնակարանաշինական ծրագրին տրվող անվայելուչ որակումներից:

 

«ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031