Դատախազը 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում պահանջեց
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է 11 հոգու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող
վանաձորցի 43–ամյա Նարինե Ծ.-ի դատաքննությունը:
Գործն արդեն դատական վիճաբանությունների փուլում է:
Այսօր ճառերով հանդես եկան մեղադրող դատախազն ու ամբաստանյալի փաստաբանը:
Կարդացեք նաև
Մեղադրող դատախազը պնդեց մեղադրանքը, որպես պատիժ միջնորդվեց նշանակել ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով:
Նարինե Ծ.-ի փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ ճառով հանդես գալիս միջնորդեց դատարանին իր պաշտպանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս կիրառել քրեական օրենսգրքի 64–րդ հոդվածի դրույթները, եւ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակել` կիրառելով տուգանք:
«Եթե դատարանը գտնի, որ ազատազրկման ձեւով պիտի պատիժ նշանակի, ապա միջնորդում եմ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել»,-ասաց փաստաբանը:
Նա նկատեց, որ իր պաշտպանյալը ընդունել է մեղքը, միջնորդել է արագացված դատաքննություն, ավելին, իր պաշտպանյալի դեպքում բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ են առկա, ինչը դատարանը չի կարող անտեսել:
«Մեղքն ընդունել է, նախկինում դատապարտված չէ, դրական է բնութագրվում, աջակցել է քննությանը, հանցագործության բացահայտմանը, խնամքին երկու երեխաներ ունի, որոնցից մեկն անչափահաս է, ինքը ամուսնալուծված է, ընտանիքի միակ կերակրողն է, դրական է բնութագրվում, չկա պատասխանատվությունը ծանրացնող եւ ոչ մի հանգամանք, եւ տվյալ պայմաններում բոլոր օբյեկտիվ հիմքերը կան իմ վկայակոչած հոդվածի դրույթները կիրառելու»,-Aravot.am-ի հետ զրույցում նկատում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը` դատական նիստի ժամանակ մանրամասն ներկայացնելով մեղմացնող հանգամանքները:
Նա նաեւ որպես իրավական փաստարկներ դատարանին ներկայացրեց 12 այլ քրեական գործերով ուժի մեջ մտած դատավճիռներ, որոնց դեպքում այդ նույն հոդվածով ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է Քրօր-ի 70-րդ հոդվածի դրույթները, եւ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
«Դրանք այնպիսի գործեր են, որ վերաբերել են խմբի, անչափահասների օգտագործման, տղամարդկանց, ավելի քիչ մեղմացնող հանգամանքների առկայության պայմաններում կիրառվել է 70-րդ հոդվածի դրույթները: Տվյալ դեպքում այդ նորմը չկիրառելու որեւէ իրավական հիմքեր գոյություն չունեն»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ամբաստանյալը վերջին խոսքով հանդես կգա հոկտեմբերի 15-ին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Կարծում եմ որ Նարինե Ծ.-ին հարկավոր է ընդունել՝ ՀՀԿ-ի շարքերը և վերջ: