Իսկ պատասխանատուները խոստանում են բարելավել մատուցվող ծառայությունների որակը
Խմելու անորակ ջրից, ջրագրաֆիկի հաճախակի խախտումներից, պարբերաբար տեղի ունեցող վթարներից կապանցիները բազմիցս են դժգոհել եւ իրենց բողոքը ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը: Պատասխանատու կառույցի ներկայացուցիչներն էլ մշտապես պատասխանել են, որ բոլոր այդ խնդիրների պատճառը համակարգի մաշված ու անմխիթար վիճակն է: «Հայջրմուղկոյուղին» նախատեսում է բարելավել մատակարարվող ջրի որակը, մասնակի նորոգել մաքրման կայանը, փոխել ջրատար խողովակները, վթարները կանխելու համար վերացնել առկա բարձր ճնշումը եւ այլն: Օրերս Կապանի քաղաքապետարանում անցկացված հանրային լսման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի կողմից հանրության քննարկմանն էր ներկայացվել «Կապան քաղաքի ջրամատակարաման ցանցի վերանորոգման» ծրագրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման աշխատանքների նախագիծը: Նախատեսվող աշխատանքների մասին ամփոփ խոսեց «Ջրտուք» ՍՊԸ տնօրեն Արմեն Ավագյանը, ում խոսքով՝ Եվրոպական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի 17 բնակավայրերում, այդ թվում նաեւ Կապան քաղաքում, ջրամատակարարման համակարգերի բարելավման ուղղությամբ ծրագիր է իրականացվում: Իրականացվող ծրագրի շրջանակներում՝ Կապանում նախատեսվում է խմելու ջրի մաքրման կայանում կատարել նորոգման աշխատանքներ եւ իրականացնել ջրատարերի եւ բաշխիչ ցանցի վերականգնում: «40 տարուց ավելի է ջրատարերը շահագործվել են եւ գտնվում են ոչ բարվոք վիճակում, անհրաժեշտություն կա դրանք փոխարինելու: Ջրատարերը շահագործվում են բարձր ճնշման տակ եւ անցնում են բնակեցված տարածքներով, ներկայումս բավականին վթարներ են տեղի ունենում: Նախատեսվում է փոխարինել քաղաքի մուտքից մինչեւ ջրամբարներ ընկած ջրատարները: Հատկացված գումարներով կիրականացվեն աշխատանքներ ներքին ցանցում, մասնակի վերանորգումներ կկատարվեն խմելու ջրի մաքրման կայանի փականային, քլորացման, ախտահանման համակարգերում…: Ընդհանուր նախատեսվում է մոտ 5,6 կմ ցանցի վերականգնում, եւ 12,3 կմ ջրատարերի փոխարինում, 4 հատ 500 խ.մ եւ 1 հատ 1000 խ.մ ծավալով ջրամբարների նորոգում եւ այլն», – նշեց Արմեն Ավագյանը: Նախագծով նախատեսված է նաեւ շինարարության ընթացքում քանդված ասֆալտապատ տարածքները աշխատանքների ավարտից հետո վերականգնել: «Ջրտուք» ՍՊԸ մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ իրականացվող ծրագրի ընթացքում չեն աղտոտվի մակերեւութային ջրերը, ոչ մի ծառ ու թուփ չի հատվելու, կենդանական աշխարհին էլ վնաս չի հասցվելու: Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը նշեց, որ հանրությանն առավել շատ մտահոգում է խմելու ջրի որակը, քանի որ տեղումներից հետո ծորակից եկող ջուրը պիտանի չի լինում կենցաղում օգտագործելու համար, ինչը վկայում են նաեւ լաբորատոր հետազոտման արդյունքները:
«Կուզենայի լսել, վերջապես, ջրի մաքրության վերաբերյալ ի՞նչ է արվելու եւ ի՞նչ է լինելու: Արդյունքում մենք ստանալո՞ւ ենք համեմատաբար ավելի որակյալ ջուր, թե՞ ոչ», – հետաքրքրվեց նա:
Կարդացեք նաև
Պատասխանատուները նշեցին, որ ջրի որակը բարելավվելու է. փոխվելու է կվարցային ավազը, քլորացման նոր սարքավորումներ են տեղադրվելու, մեծամասամբ աղբյուրի ջրերն են օգտագործվելու եւ այլն: Նշենք, որ Կապան քաղաքի բնակիչներին մատակարարվող խմելու ջուրը վերցվում է գետի ջրից, իսկ կվարցային ավազն էլ շատ հին է եւ լիարժեք չի մաքրում գետի ջուրը: Իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանն էլ տեղեկացրեց, որ իրականացվող ծրագրի արդյունքում կնվազեն նաեւ ջրի կորուստները:
Կապանցիներին միայն մի բան է հետաքրքրում, որպեսզի «Հայջրմուղկոյուղին» իր ծառայությունները հավուր պատշաճի իրականացնի այսուհետ եւ ազատի բաժանորդներին ավելորդ խնդիրներից՝ մատակարարելով որակյալ ջուր, կանխելով վթարներն ու ջրի գրաֆիկի խախտումները, իսկ բնակիչներն այսուհետ ստիպված չլինեն ամեն անգամ տեղումներից հետո խանութներից շշալցված ջրեր գնելու տարբերակին դիմել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ