Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 2 տարի առանց սերտիֆիկատի տնօրեն է աշխատում

Հոկտեմբեր 07,2013 20:54

Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Ծովիկ Մկրտչյանը շուրջ 2 տարի ղեկավարում է 356 աշակերտ, 16 դասարան ունեցող hիմնական դպրոցը` չունենալով դպրոցը կառավարելու համար անհրաժեշտ սերտիֆիկատ: Ծ. Մկրտչյանը 1999 թվականից է տնօրինում Դիլիջանի թիվ 4 դպրոցը: Նա շուտով կդառնա 67 տարեկան: Նա երկարամյա մանկավարժական աշխատանքի համար թոշակ է ստանում: Այցելեցինք Դիլիջանի թիվ 4 դպրոց: Ծովիկ Մկրտչյանը մեզ սիրալիր, սակայն վախվորած ընդունեց:

SAM_5777

«Ես դպրոցի կառավարման սերտիֆիկատ ձեռք բերելու համար չգնացի: Ես գտնում եմ, որ այդ հարցում սխալ եմ վարվել»,-մեզ հետ զրույցում ասաց տիկին Ծովիկը: Նա մասնագիտությամբ հայոց լեզվի եւ գրականության  ուսուցիչ է:
«Ամենաքիչ դասաժամերը ես ունեմ` շաբաթական 5 ժամ, ես չգիտեմ, թե վաղն ինչ եմ անելու, ժամերս քիչ է», -մեզ գանգատվեց ցուցակային 155 հազար, փաստացի շուրջ 130 հազար դրամ աշխատավարձ ստացող Մկրտչյանը: Նա ասաց, որ սիրում է իր աշխատանքը, սակայն կառչած չէ տնօրենի պաշտոնից: Ծ. Մկրտչյանի խոսքերով` տնօրենի թափուր տեղի համար 3 անգամ մրցույթ է կայացել, սակայն` անարդյունք: «Ես ամեն սպասում եմ, որ ինձ պիտի զանգեն եւ ասեն` հայտարարություն տվեք տնօրենի թափուր տեղի համար», -ասաց Ծ. Մկրտչյանը ,հավելելով, որ դեռ ցանկանում է տնօրեն աշխատել: Տիկին Ծովիկն ասաց, որ ինքը հին ՀՀԿ-ական է, «դեռ Անդրանիկ Մարգարյանի ժամանակներից»:

Նրա վկայությամբ` դպրոցի տնօրենի թափուր տեղի համար 3 մրցույթներից մեկը կայացել անցյալ տարի, մյուսը` 2013թ. գարնանը: Տարօրինակ է, որ այդ մրցույթներից մեկի արդյունքում դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզաննա Դավթյանը ստացել է 1 «կողմ» եւ 7 «ձեռնպահ» ձայն, իսկ թիվ 4 դպրոցի սան, ներկայումս Դիլիջանի դպրոցներից մեկում աշխարհագրություն դասավանդող` Տաթեւիկ Աբազյանը` 8 «ձեռնպահ» ձայն: Ծ. Մկրտչյանը հայտնեց, որ գարնանը կայացած մրցույթից հետ Դիլիջանի երաժշտական դպրոցի տնօրեն Հասմիկ Մկրտումյանը հրաժարական է տվել թիվ 4 դպրոցի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից, եւ այդ պաշտոնը դեռ թափուր է:  Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանին: Նրա ծառայողական հեռախոսահամարին մեր հեռախոսազանգերին պատասխանող չեղավ,զանգահարեցինք Ա. Փաշինյանի բջջային հեռախոսահամարին: Հավանաբար, վերջինիս հեռախոսում գրանցված է Տավուշի մարզի հանրակրթական ոլորտի վերաբերյալ բազմիցս քննադատական հրապարակումներ ունեցած «Առավոտ»-ի թղթակցի հեռախոսահամարը, որովհետեւ օրվա տարբեր ժամերին կատարած մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Բարոն says:

    Սերտիֆիկատը հեչ, կարևորը ՀՀԿ անդամատոմս ունի…

  2. Արթուր Ղազարյան says:

    Տեղեկացնում եմ, որ հենց Ծովիկ Մկրտչյանի շնորհիվ է, որ այսօր Դիլիջանի թիվ 4 դպրոցը գոյություն ունի, ու մարզի լավագույն դպրոցներից մեկն է:

    Սերտիֆիկատ-մերտիֆիկատները հորիներցին, որպեսզի տնօրենի պաշտոնի համար ավելորդ փողեր ուտեն, դա պարզից էլ պարզ է: Իսկ նրան դա չի խանգարում լինել հմուտ ու լավ տնօերն:

    Նա մեծատառով տնօրեն է, ու ամեն ինչ անում է, որպեսզի սաները դպրոցից դուրս գան որպես լավ քաղաքացի ու լավ մարդ:

    Ես ամենայն լավն եմ մաղթում դպրոցի կոլեկտիվին, իսկ տիկին Մկրտչյանին առողջություն ու համբերություն: Հուսամ երբ էլ որ դպրոցը ունենա նոր տնօրեն, նա կլինի հոգատար, սրտացավ, աշխատասեր ու արժանի անձնավորություն:

    Արթուր Ղազարյան,
    Թիվ 4 դպրոցի 1997թ. շրջանավարտ

  3. Արմինե Գրիգորյան says:

    Ես ինքս թիվ 4 դպրոցի սան եմ, և ներկայումս էլ շատ ակտիվ համագործակցում եմ դպրոցի աշխատակազմի և տնօրենի հետ: Պետք է նշեմ, որ դպրոցի աշխատակազմը, սաներն ու ծնողները շատ են հարգում և սիրում իրենց տնօրենին: Նա շատ լավ ղեկավար է, անչափ բարի և սրտացավ մարդ ու ակտիվ հասարակական գործիչ: Պր. Ոսկան Սարգսյան, անկախ Ձեր թվարկած բոլոր փաստարկներից, նա բավականին արհեստավարժ է և մեծ սիրով է կատարում իր առաքելությունը: Որովհետև տիկ. Մկրտչյանի համար մանկավարժ լինելը իր առաքելություն է: Երանի բոլոր մանկավարժները առաջնորդվերին այն սկզբունքներով և կարգախոսերով, որոնցով առաջնորդվում է նա:
    Դպրոցի սաներն ու ծնողները կարևորում են այն արժեհամակարգը, որ ձևավորել է նա դպրոցում, քանզի ամենից կարևորը կյանքում լավ մարդ լինելն է: Այսօր դպրոցի բոլոր սաները հպարտանում են իրենց դպրոցով:

  4. Ararat Alikhanyan says:

    Ասեմ, որ այնքան լավ դպրոց է, որ ես իմ երեխային չեմ հանել այս դպրոցից ու տարել Երևան, որտեղ աշխատում եմ: Տիկին Մկրտչյանի ղեկավարման օրոք այս դպրոցը ունեցավ այս տեսքը ու կահավորանքը: Շատ մարդկայնորեն է մոտենում, հասկանում դիմացինին /այլ է թե ինչպես կհասկանա դիմացինը/:

    Իսկ սերտիֆիկատների պահով ասեմ,որ որ Սահմանադրությւոն անգիր անել դեռ չի նշանակում դանալ տնօրեն ու լավ ղեկավարել: Առանց սերտիֆիկատի էր ,որ սկսեց ղեկավարել ու սերտիֆիկատի անկապ մի կտոր թուղթը չէ որ պետք է հմտություններ տար ղեկավարելու: Կարող են անգիր անել ու դառնալ տնօրեն ?? իհարկե ոչ……….պետքէ կառավարման աստիճանի հասնել ու ասել,որ կարող են տնօրեն աշխատել:

    ՄԻ բան էլ ավելացնեմ: Բոլոր դպրոցները պետք է ապակուսականացնել ու փրկել այդ ախտից…..

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031