Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի դիրքորոշումը՝ երկու նախագծերի վերաբերյալ

Հոկտեմբեր 07,2013 19:17

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարար` պարոն Հրայր Թովմասյանին

Հարգելի պարոն Թովմասյան,

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել են[1] ““Փաստաբանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի և ““Պետական տուրքի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծեր (այսուհետ` Նախագծեր, իսկ առանձին նշվելու դեպքում` Նախագիծ), որոնցով մասնավորապես`

–         նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը.

–         ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել ՏԱՐԵԿԱՆ պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Որպես Նախագծերի ընդունման հիմնավորում նշվել է հետևյալը` “օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից:”:

Որպես ընթացիկ իրավիճակ և խնդիրներ, մասնավորապես, նշվել է, որ “օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար:”:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր դժգոհությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ապակառուցողական այս նախաձեռնության կապակցությամբ:

Ստորև ներկայացվում են հետևյալ նկատառումները.

  1. Նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում: Այս պահի դրությամբ  փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը: Ընդ որում, դա կատարում է ԱՆՎՃԱՐ: ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում տեղադրված է փաստաբանների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և չի ներկայացվել հիմնավորում այն մասին, որ ներկայումս կիրառվող հրապարակային հաշվառումը չի նպաստում կամ խոչընդոտում է պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության ազատ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությանը: Եթե նախագծի նպատակը Նախարարության տեղեկատվական բազայում ՀՀ փաստաբանների տվյալների ապահովումն է, ապա կարելի է ուղղակի հղում կատարել ՀՀ փաստաբանների պալատի կայքէջին կամ օրենքով նախատեսել, որ ՀՀ փաստաբանների պալատը պարտավոր է որոշակի տեղեկություններ հավաքել փաստաբաններից և հրապարակել:  Նախարարությունը չի բերել որևէ փաստ այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից հաշվառում չի իրականացվում, կամ, որ իրականացվող հաշվառումը ազգաբնակչության մատուցվող ծառայությունների որակի վրա է ազդել:
  2. Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու և ինչպես կարող է  Նախարարության կողմից վարվող գրանցամատյանի ներդրումը ազդել փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Նախագծերից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում “վարել” ծառայությունը կամ գործողությունը: Այն իր մեջ չի ներառում գրանցամատյանում փաստաբանի, փաստաբանի օգնականի հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխության կատարում և հաշվառումից հանում, քանի որ Նախագծով նախատեսված է, որ դա կատարում է ՀՀ փաստաբանների պալատը: Այն չի ներառում նաև տեղեկատվության տրամադրումը, քանի որ Նախագծում նախատեսված է, որ գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է: Այսինքն, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որևէ գործողություն չի կատարվում, որից օգտվելու համար էլ վճարվի պետական տուրք:
  3. Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանից գանձվի տուրքը ՏԱՐԵԿԱՆ կարգով, այն դեպքում, երբ Նախարարությունը իրավաբանական անձանց գրանցամատյանները վարելու համար տարեկան պետական տուրքեր չի գանձում:
  4. Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու հատկապես 60.000 ՀՀ դրամ պետք է գանձվի ֆիզիկական անձ փաստաբանից, ինչպես է այդ գումարը ձևավորվել: Հատկանշական է, որ առևտրային իրավաբանական անձ գրանցելու պետական տուրքը նախատեսված է միանվագ և 12.000 ՀՀ դրամի չափով:
  5. Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է այդ գումարն ուղղվի նաև հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, ինչու պետք է փաստաբանը վճարի մի գործառույթի համար, որն ուղղակիորեն մտնում է պետության պարտականությունների մեջ: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։ Հատկանշական է, որ պետությունն ինքն է որոշում, թե որ դեպքերում պետք է իրավաբանական օգնությունը ցույց տրվի անհատույց և դրանից օգտվելով էլ “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանել է քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց (խմբերի) ցանկը: 2014թ. հունվարի 1-ից հետո երեք խումբ քաղաքացիներ նույնպես հնարավորություն են ստանալու օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, որն անհամեմատ ծանրաբեռնելու է հանրային պաշտպանի գրասենյակը: Այս պայմաններում, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարումը կարող է ձախողվել, իսկ չձախողելու համար փաստաբանների վրա վճարումներ կատարելու պարտականություն դնելը որևէ արդարացում և իրավական հիմք չունի և նմանվում է կրկնակի հարկման:
  6. Նախարարությունը հաշվի չի առել նաև փաստաբանների սոցիալական վիճակը և Նախագծերի հիմնավորման մեջ այդ մասով որևէ վերլուծություն առկա չէ:
  7. Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը: “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, իսկ երկրորդ մասի համաձայն` փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա: Պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա:

Ելնելով վերոգրյալից,

հաշվի առնելով այն, որ փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս Նախագծերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում` ծայրահեղ) պայքարելու ենք այս Նախագծերի դեմ,

խնդրում ենք`

                                շրջանառությունից հանել Նախագծերը:

 

Հարգանքով`

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ`

Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031