Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրվան նվիրված «Թբիլիսոբա» տոնակատարությանը։ Այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցել է նաև պաշտոնական հանդիպումների և ընդունելությունների։
Երևանյան պատվիրակության ղեկավարը, Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, նախ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավային է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին ուղղված շնորհավորական ուղերձը: Այնուհետ, հանդիպման շրջանակում, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկել են երկու քաղաքների միջև բազմակողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մունիցիպալ ծառայությունների մատուցման գծով փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթամշակութային, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և այլ հարցեր։
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է նաև տոնակատարության կապակցությամբ Թբիլիսի այցելած պատվիրակությունների պաշտոնական ընդունելությանը, որին ներկա է եղել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Թբիլիսի կատարած այցի շրջանակում Կամո Արեյանը և Սերգեյ Մակարյանը այցելել են նաև Վիրահայոց թեմի առաջնորդարան, ինչպես նաև «Հայարտուն» մշակութային կենտրոն: Պատվիրակության անդամները Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս տեր Վազգեն Միրզախանյանի ուղեկցությամբ այցելել են նաև Խոջիվանքի հայոց մեծերի պանթեոն, ուր հանգչում են Հովհաննես Թունանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Մուրացանը, Ջիվանին և այլք։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն