Ավարտվեց Մոլդովայում մեկնարկած Move it! թրեյնինգ-ծրագիրը
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Մոլդովայում մեկնարկած եւ Եվրամիության Youth in action ծրագրի շրջանակներում կազմակերպված Move it միջազգային թրեյնինգ- ծրագիրն ավարտվեց: Յոթօրյա սեմինարի միջոցով տարբեր երկրների երիտասարդները ներկայացրին իրենց ավանդույթները, մշակույթն ու հոգեկերտվածքը: Տարբեր խաղերի եւ քննարկումների միջոցով փորձեցին գտնել հասարակության տարատիպ խնդիրների լուծման մոդելները, երիտասարդները հանդես եկան նաեւ սեփական ծրագրերի իրականացման առաջարկություններով:
Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Պոտսին առաջին անգամ էր մասնակցում նման ծրագրի, տպավորությունները աննկարագրելի էին, ասում է՝ իրեն հատկապես հետաքրքրեցին քննարկումները, որոնք վերաբերում էին հասարակության տարբեր շերտերի հետ հաղորդակցության ձեւեր գտնելուն:
Կարդացեք նաև
«Մենք քննարկել ենք սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրները, փորձել ենք գտնել լուծման ձեւերը, գուցե այս ծրագրի միջոցով փորձենք ավելի շատ մտածել այս խնդիրների մասին, գուցե այս ծրագրից հետո ավելի զգայուն դառնանք մեր շրջապատի նկատմամբ,- ասում է նա եւ ավելացնում,- թրեյնինգի միջոցով ծանոթացանք շատ երկրների մշակույթի, ավանդույթների հետ: Մինչ այստեղ գալը ես իսկապես ոչինչ չգիտեի Լատվիայի մասին, ինձ հետաքրքիր էր իմանալ այդ երկրի մասին, ինձ համար հետաքրքիր էր բացահայտել Ուկրաինան, ինչպես նաեւ՝ Հայաստանը, որը հնագույն երկրներից է եւ ունի հրաշալի մշակույթ»: Ուկրաինայի ներկայացուցիչ Իլոնա Բալաբանն էլ ասում է. «Ի՞նչը սիրեցի ես այս ծրագրում. մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն այնքան հետաքրքիր էր՝ տարբեր բնագավառներից՝ փորձառությամբ լի: Ինձ համար իսկապես մեծ հաճույք էր հանդիպել այսքան լավ մարդկանց»:
Նշենք, որ ծրագիրը կազմակերպվել էր Մոլդովայի ADVIT (Agency for Education Audiovisual and Culture) կազմակերպությունը, մասնակիցները Մոլդովայից, Հունաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից, Լատվիայից, Թուրքիայից, Իսպանիայից եւ Հայաստանից էին: Հայաստանը ներկայացնում էր Երիտասարդ ակումբների դաշնությունը (FYCA):
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ