Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 280 սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա կրթավճարների փոխհատուցման վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության համատեղ ջանքերով:
Ողջունելով սիրիահայ ուսանողությանը` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց լավ սովորել և ձեռքբերած գիտելիքները ծառայեցնել Հայաստանում, հանուն Հայրենիքի բարգավաճման:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ սփյուռքի նախարարությանը սիրիահայության հանդեպ պետական մշտական հոգածության համար` ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը նշեց, որ ուսանողների վարձավճարների փոխհատուցումն իրենց պարտքն է, պարտականությունը, որ կատարում են սիրով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության ներկայացուցիչը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը` հանձին ՀՀ սփյուռքի նախարարության, ինչպես նաև բարեգործական կազմակերպություններին` ուսանողներ Ալեքսան Քալաջը, Հովիկ Քեշիշյանը, Հակոբ Հրեշտակյանը և ուրիշները խոստացան իրենց աշխատանքով և նվիրումով բարձր պահել պետության հեղինակությունը:
ՀՀ սփյուռքի նախարարություն