Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմից հեռացնելը քաղաքական հետապնդում է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 17:58

«ԱԺ նախագահն իրավունք չուներ Զարուհի Փոստանջյանին հեռացնելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից»,-Aravot.am-ին ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Շարունակելով միտքը, նա ասաց. «Հովիկ Աբրահամյանը նույնպիսի պատգամավոր է, ինչպես Զարուհին է: Երկուսի մանդատն էլ սկզբից նույնն են: Պատվիրակությունը ձևավորվում է քաղաքական ուժերի կողմից` նրանց ներկայացրած թեկնածության հիման վրա: Ուստի պատվիրակության կազմը ի սկզբանե հաստատված է»:

Պատվիրակության կազմից Զ. Փոստանջյանի հեռացումը` ԵԽԽՎ-ում նրա բարձրացրած հարցից  հետո, Արթուր Սաքունցը համարում է «քաղաքական հետապնդում»: Այս առիթով նա ասաց. « Այս տեսանկյունից ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի կամ քաղաքական գործչի նկատմամբ նման մոտեցումը և հայտարարությունը պատվիրակության կազմից հեռացնելու մասին, հանդիսանում է Զարուհի Փոստանջյանի կարծիքի և քաղաքական դիրքորոշման նկատմամբ հետապնդման և սաստման փորձ, ինչը անհամատեղելի է ԵԽ անդամ երկրի համար»:

Հետաքրքվեցինք` հիմա է՞լ Արթուր Սաքունցը ունի մտահոգություններ Զ. Փոստանջյանի անվտանգության հետ կապված, քանի որ նրա ժամանման օրվա առնչությամբ նա նման մտահոգություն էր հայտնել: Պարոն Սաքունցը պատասխանեց. «Լրատվամիջոցներով տեսա ռազմահայրենասիրական ուժերի կողմից Զարուհուն լոլիկներով, ձվերով դիմավորելու փորձ»: Մեր այն դիտարկմանը, թե նման բան տեղի չունեցավ, Արթուր Սաքունցն այսպես արձագանքեց. «Եթե քաղաքական ակտիվիստներն ու նախաձեռնությունը չհայտարարեինք, որ մենք էլ ենք գնալու օդանավակայան Զարուհուն հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու, կարող է և լինեին: Այս տեսակետից նախագահական ինստիտուտը խելամիտ գտնվեց, երբ հրապարակային հայտնեց, որ նման ակցիաները չեն ողջունում: Հակառակ դեպքում օդանավակայանում խայտառակ իրավիճակ կլիներ»:

Ա. Սաքունցը երևույթը կապում է մեկ այլ փաստի հետ. «Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իբր երիտասարդները ինքնաբուխ են նման ակցիաներ անում: Հիմա ականատես եղանք, որ այդ ինքնաբուխ ակցիաները կարող են կասեցվել նախագահական ինստիտուտի կողմից, որ այդ բոլոր ռազմահայրենասիրական ինքնաբուխ ակցիաները կամ ձևավորվում, կամ առաջ են գալիս նախագահական ինստիտուտի կողմից: Ինքնաբուխ ակցիա` որպես այդպիսին չկա, դրանք կառավարելի են: Մի հոգի գոնե չերևաց օդանավակայանում, որը կարող էր այլ արտահայտություն թույլ տալ: Այդպիսի տոտալ կառավարում ինքնաբուխների վարքագծի նկատմամբ, ինձ համար ապշեցուցիչ է: Սակայն օդանավակայանում տարբեր հնարավոր տեղերում հասարակական կարգի պահպանման իրենց գործառույթն էին իրականացնում ոստիկանները: Այսինքն` հստակ հրահանգված էր կասեցնել բոլոր հնարավոր միջադեպերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031