Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շեքում բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունն ավարտված է, բնակարանի թալանի մանրամասներն էլ բացահայտված: Այս գործով վերջին նիստում տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանը «Արին Կապիտալ» ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանին իր վերջին հարցերն ուղղեց, որոնցով փորձեց օգնել Եսայանին վերջնականապես բացահայտել այն հանգամանքը, թե ի վերջո ինչու կամ ում հրահանգով են ինքը և իր հետ բանկում գտնված գլխավոր հաշվապահը Լուսինե Գյուլխասյանի կողմից վճարված գումարը ընկերության բանկային հաշվին մուտք անելիս գումարի մի մասը որպես Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից վճարում մուտքագրել, իսկ մյուս մասն էլ իբրև փոխառություն՝ ընկերության փայատեր Ղևոնդ Ղալումյանի կողմից:
Այսինքն՝ Գլուխասյանն ինքն ի վերջո հնչեցրեց այն հարցը, որը զարմանալիորեն այդպես էլ չհետաքրքրեց մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանին՝ պարզելու համար թե Խուդյանի սնանկացված ընկերության տնօրեն Եսայանը, որպես ընկերության տնօրեն իր կարգադրիչ լիազորությունները իրականացնելիս իրականում հօգուտ ում է գործել:
Հիշեցնենք, որ այս գործով դեռ նախաքննության ժամանակ նշանակված փորձաքննության արդյունքում` ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 01.10.2012 թ. փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ, իրոք, 07.12.2007թ. «Արին կապիտալ» ՍՊ ընկերության բանկային հաշվին մուտքագրվել է Լուսիեն Գյուլխասյանի՝ 37 մլն 200 հազար դրամը, որից 15 մլն 891 հազար դրամը Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ 21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:
Այսինքն` ինչպես գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության, այնպես էլ այս տուժած քաղաքացու բնակարանի թալանի գործում Ղևոնդ Ղալումյանը օգտվել էր փող աշխատելու իր հայտնի տարբերակից` կեղծ փոխառություն ձևակերպել և հետագայում դրա վերադարձի պատրվակով գումար ստանալ ընկերությունից: Նակինում ներկայացվել է, որ այդ կերպ 2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելու նպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:
Ամբաստանյալ Էդուարդ Եսայանը Լուսինե Գյուլխասյանի գումարի մի մասը Մանգասարյանի անունով մուտք անելը պայմանավորեց այն հանգամանքով, որ կար կնքված պայմանագիր Ռուբեն Մանգասարյանի հետ, իսկ թե ինչու էր գումարի մյուս մասը՝ 21 միլիոնը մուտք արել որպես փոխառություն Ղևոնդ Ղալումյանից… Եսայանը չկարողացավ համոզիչ հիմնավորել: Մեկ նշեց, որ դա արվել է, քանի որ այլ տարբերակ չի եղել. փոքր ինչ դժվար էր հասկանալ թե ինչու հանկարծ Եսայանը այլ տարբերակ չի ունեցել, սակայն այնուհետ էլ նա հստակ նշեց, որ դա իրեն պատվիրել է անել ընկերության հաշվապահ Պարույր Հակոբյանը: Ամենահետաքրքիրը այս ամենում այն, էր, որ Եսայանը մինչև վերջ պնդում էր, թե՝ իբրև թե Ղալումյանը տեղյակ էլ չի եղել, որ իր անունով ներդրում է արվել…. «Հաշվապահության ձևն է դա, Ղալումյանը փայատերերից մեկն է, դրա համար էլ նրա անունով է արվել: Հավապահը որոշեց ձևակերպումն անել Ղալումյանի անունով»,-նշեց Եսայանը:
Լուսինե Գյուլխասյանը դատարանին միջնորդեց որպես վկա հրավիրել հաշվապահ Պարույր Հակոբյանին ու նույն հարցերը պարզել հենց նրանից, մինչդեռ դատավոր Արշակ Վարդանյանը չգիտես ինչու անհիմն համարեց Գյուլխասյանի միջնորդությունը և նույն պատճառաբանությամբ մերժեց այն: Ըստ դատավորի՝ քրեական գործում առկա են բազմաթիվ փաստեր այդ առումով:
Դատական նիստի ավարտին, երբ դատարանը փորձեց վերջին անգամ Եսայանից հասկանալ, թե ով է ի վերջո խաբել քաղաքացի Գյուլխասյանին, վեջինս պատասխանեց. «Բնականաբար Վլադ Մանգասարյանը: Եթե ես նրան եմ տվել բնակարանի սեփականության վկայականը, իսկ ինքը փաստորեն այն չի տվել բնակարանի իրական տիրոջը, այս դեպքում ո՞վ է խաբել քաղաքացուն…»:
Ինչևէ, Էդուարդ Եսայանի գործով դատաքննական փուլը վերջապես ավարտված է և դատարանը անցավ դատական վիճաբանությունների փուլին: Դատավոր Արշակ Վարդանյանը դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 21-ը՝ մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանին ժամանակ տալով պատրաստվել մեղադրական ճառին: Հետաքրքիր է՝ դատարան իր վերջնական վճիռը կայացնելիս որևէ կերպ կանդրադառանա՞ Մանգասարյանների ու Ղալումյանի մասով այս բացահայտումներին:
Հարգանքներով՝ Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ