Վերջերս tert.am-ին տված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն ասել էր, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրել է հետաձգել իր իսկ հեղինակած «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
«Առավոտի» հարցին՝ ինչի՞ հետ էր կապված օրինագծի քննարկումը հանելը, տիկին Փոստանջյանը պատասխանեց, որ դա «ապատեղեկատվություն է», օրինագիծը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում է, եւ հավանաբար հենց առաջիկա քառօրյային քննարկման առարկա կդառնա:
Հետաքրքրվեցինք նաեւ ԵԽԽՎ պատվիրակության կազմում փոփոխություն անելու հեռանկարի մասին: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ այս հարցը բարձրացրել էր «Չորրորդ ինքնիշխանությունը», կարծիք հայտնելով, որ ռոտացիոն սկզբունքով ԵԽԽՎ պատվիրակության կազմում հաջորդ տարի Զարուհի Փոստանջյանը արդեն չպետք է լինի:
Տիկին Փոստանջյանը պատասխանեց, որ «ռոտացիոն սկզբունքի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ բոլորը պետք է ներկայացված լինեն, ամբողջ մանրակերտը պետք է ներկայացված լինի: Իսկ ՕԵԿ-ին իրենք՝ հանրապետականները պետք է տեղ տան, որպես իշխանություն»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ