Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիական կոոպերատիվները նախկին կոլխոզները չեն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 17:21

Այսօր Հայաստանում կան շուրջ 307 գյուղացիական կոոպերացիաներ, սակայն, թե դրանցից քանիսն են ռեալ աշխատում, հնարավոր չէ ասել: Այսօր գյուղատնտեսության նախարարությունում` գյուղատնտեսական կոոպերատիվների վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ շուկայագիտության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանը:

Նրա խոսքերով, դեռեւս 1993 թվականից ստեղծվել են գյուղացիական կոոպերատիվներ, բայց քանի որ դրամաշնորհների հաշվին էին ստեղծվում եւ կոոպերատիվների գործունեության իրական սկզբունքը չէին պահպանում, դրանց մեծ մասը քայքայվեց:

Եղած ծավալի կոոպերատիվները շատ քիչ են, եւ Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանում չեն զարգանում գյուղացիական կոոպերատիվները, պարոն Ջավադյանն ըստ էության կոնկրետ չպատասխանեց, թեեւ նշեց, որ մի շարք խնդիրներ կան` սկսած մայր օրենքի բացակայությունից մինչեւ հարկային արտոնությունների բացակայությունը:

Մանրամասն` տեսանյութում

Այս քննարկմանը ներկա էր նաեւ տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ուռուտյանը, որը բավականին երկար դասախոսություն կարդաց, թե ինչ են գյուղացիական կոոպերատիվներն ու աշխարհում դրանց դերը տնտեսության մեջ:

Քննարկմանը ներկա գյուղացիական կոոպերատիվների ներկայացուցիչներից մեկը՝ Շիրակի մարզի Աղին համայնքի կոոպերատիվի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ գյուղատնտեսության զարգացման լավագույն տարբերակներից մեկը հենց կոոպերատիվներն են, որոնց այս տարբերակով աշխատանքը կատարվում է շուկայականից բավականին ցածր գներով:

Այս կոոպերատիվի ներկայացուցիչն ասաց, որ կառավարությունը 50% ներդրում է կատարել կոոպերատիվի ստեղծման գործում, 30%-ը դրսի դրամաշնորհներն են, իսկ 20% մասնակցությունը կոոպերատիվի անդամներն են: Աղին համայնքի ներկայացուցիչն ասաց, որ պետական աջակցությունը պարտադիր է:

Իսկ Վարդան Ուռուտյանն էլ ավելացրեց, որ պետք չէ հույսները դնել միայն դրամաշնորհների վրա, քանի որ դրա ավարտից հետո ծրագիրը մնում է թղթի վրա, ուստի պետք է գործարար ծրագիր կազմել, որպեսզի կոոպերատիվի անդամները հստակ իմանան, թե հետագայում ինչ պետք է արվի:

 Քննարկման ժամանակ նաեւ կարծիք հնչեց, որ շատ գյուղացիներ կոոպերատիվը նույնացնում են կոլխոզի կամ սովխոզի հետ, սակայն իրականում այդպես չէ, պարզապես գյուղացիներին պետք է ճիշտ բացատրել դրա կարեւորությունն ու անհրաժեշտությունն ի շահ իրենց:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031