Շատերն այսօր ՀԱԿ ակտիվիստների դատական նիստին եկել էին՝ Տիգրան Առաքելյանի գործն արագացված դատական կարգով քննելու եւ համաներումով նրան ազատ արձակված տեսնելու ակնկալիքով:
Նման հույս հայտնել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մի քանի օր առաջ Տիգրան Առաքելյանի պաշտպանության համար բողոքի ակցիային՝ ասելով, որ եթե դատավոր Եվա Դարբինյանը բարի կամք դրսեւորի եւ արագ քննի, Տիգրան Առաքելյանը հնարավոր է ազատ արձակվի դատարանի դահլիճից՝ համաներումով:
Սակայն Տիգրան Առաքելյանը նոր միջնորդություն ներկայացրեց՝ տուժողներից մեկին նորից հարցաքննելու վերաբերյալ, ինչի պարագայում արագ դատավարություն անցկացնել հնարավոր չէր:
Այսօր Aravot.am-ը ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին հարցրեց, թե ինչո՞ւ որոշեցին այդ մարտավարությունն ընտրել: Նա պատասխանեց. «Համաներումն իմ ինչի՞ն է պետք: Համաներումը ոգեւորում է Թամամյանին ու Մարգար Օհանյանին: Ինձ համաներումը չի ոգեւորում, ոչ էլ ինձ հետաքրքիր է համաներումը: Հանցագործին են համաներում, ես հանցագործ չեմ, որ մի հատ էլ համաներում լինի: Համենայնդեպս, ես ոգեւորված չեմ համաներումից: Չեմ վերաբերվում ոչ մի կերպ, դա չի առաջացնում նոր հիմք, նոր հանգամանք, որը ինձ պետք է այլ մարտավարություն ուղղորդի: Մենք արդարացման դատավճիռ ենք պահանջում եւ մեր միջնորդությունները պետք է ներկայացնենք: Բացարձակ ոչ մի բան չի փոխվել համաներման հետ կապված»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու խնդիր չկա եւ խոսքն իր կյանքից 6 տարի կորցնելու մասին է՝ Տիգրան Առաքելյանը պատասխանեց. «Ինչքանո՞վ ճիշտ կլինի, որ ես հիմա վեր կենամ ու ասեմ՝ համաներում արեք, ոչ մի բան չենք միջնորդում: Ի վերջո մենք այստեղ ինչ-որ բան պիտի պարզե՞նք, թե՞ ոչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ