«Ֆրանսիայի գրականության օրերի շրջանակում նշում ենք Ժան Պոլ Սարտրի ստեղծագործություններին նվիրված միջոցառումը »,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ֆրանսիացի գրողին նվիրված միջոցառման մասին նշեց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որտեղ հստակ կերեւա գրողի գործունեությունը՝ ե՛ւ որպես գրող, ե՛ւ որպես քաղաքացի: Կցուցադրվի նրա այցելությունը Սովետական միություն, եւ բարձրացված այն հարցերը, որոնք մեծ հնչեղություն ունեին, դրանք հիմնականում ուղղված էին մշակույթի զարգացմանը:
Համալսարանում պարբերաբար են անցկացվում նմանատիպ միջոցառումներ: Ֆրանսիական գրականության զարգացման համար միտումներ կան: Մեր ուսանողները մոտ են կանգնում ֆրանսիական գրականության կարկառուն ներկայացուցիչներին: Առաջին կուրսից սկսած՝ նրանք անցնում են արտասահմանյան գրականություն ու մասնագիտանում են ֆրանսիական գրականության եւ մշակույթի մեջ:
Դեկանի խոսքով՝ ֆրանսերենը հայերի համար մեծ նշանակություն ունեցող լեզու է: Մենք Ֆրանսիայի հետ համարվում ենք բարեկամ երկրներ ու մեծ համագործակցություն ունենք: Ֆրանսերենը զարգանում եւ դասավանդվում է՝ ֆակուլտետում կա մոտ 2001 ուսանող: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն անգլերենի, այլեւ եվրոպական այլ լեզուների՝ ֆրանսերենի վրա:
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Գեղեցիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հասարակության կողմից ֆրանսերեն լեզուն այնքան էլ հեշտ չի ընդունվում, սակայն մեծ ցանկության դեպքում սովորելն ու օգտագործելը հաճելի է.
«Ուսանողների համար այս սեմինարները, միջոցառումները, իհարկե, ցանկալի են, դասերից ու պատմողական դասախոսություններից բացի, մեր մեծերի հետ առնչվում ենք նաեւ այս կերպ, ինչը արդյունավետ է: Ֆրանսերենը գեղեցիկ է, այն սիրո լեզուն է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ