«Հայագիտության մեջ տաճարը հասկանում են նեղ առումով երբեմն: Հնագիտական համալիրի տարածքը մեծ է` մոտավորապես 10 հեկտար մակերես. «Տվյալ դեպքում սա մի մեծ տաճարական քաղաք է, որի մեջ կան տարաձև համալիրներ, որոնք հիմնականում երկու տեսակի են`դրանց մի մասը փակ շինություններ են ծածկի տակ առնված, որոնք կոչվում են մեհյաններ, իսկ մյուս մասը`որոնք վերջին տարիներին են պեղվում` բագիներն են»,-այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում անդրադառնալով Հողմիկում հայտնաբերված հեթանոսական տաճարային համալիրում արժեքավոր գտածոների բացահայտմանը՝ ասաց Հողմիկի հնավայրում պեղումներ անցկացնող արշավախմբի պետ Հայկ Հակոբյանը:
Ըստ նրա` տարածված է այն կարծիքը, թե քրիստոնեության ընդունման ժամանակ բոլոր հեթանոսական մեհյանները ոչնչացվել են և դրանցից ոչինչ չի հասել մեր օրեր, չի համապատասխանում իրականությանը: Հողմիկի հնավայրի կարևոր առանձնահատկությունն այն է, որ քրիստոնեությունից հետո չի ավերվել: Մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում կառուցված հեթանոսական համալիրը հատուկ ծեսով ծածկվել է, ու հնագետները հնարավորություն ունեն պարզելու ծեսի, հեթանոսական կրոնի ու ճարտարապետության մանրամասները:
Վերջինիս խոսքով` դեռևս ուսումնասիրվել է ամբողջ տարածքի 10 տոկոսը, եթե այն ֆինանսավորումը, որով տեղի է ունենում պեղումները, այսպես շարունակվի` ապա պեղումները կտևեն 80-100 տարի: Իսկ եթե ֆինանսավորումը ավելացվի, ապա` դրանց արդյունքները, ինչպես բանախոսը հավաստիացրեց, կտեսնեն բոլորը:
Հակոբյանը նշում է, որ հայտնաբերված այս գտածոներից զատ՝ առանձին կավե արձանիկների միջոցով հնարավոր է նաև վերականգնել հայկական հին աստվածների պատկերները: Այդպիսի կավե մի արձանիկ է հայտնաբերվել Հողմիկի մեհյանների պահեստներից մեկում 1992 թվականի պեղումների ժամանակ. «Արձանիկը պատկանում է մ.թ.ա. 2-րդ դարին, որը ներկայացնում է արևելյան հայ-իրանական հագուստով զինվորական կերպարանք, որը մի կողմից զինված է դաշյունով, իսկ մյուս կողմից` նետ ու աղեղով»,-ասաց Հակոբյանը:
Կարդացեք նաև
Բանախոսը Հայաստանը համարելով դինամիկ զարգացող երկիր, երկրագործական աշխատանքները, հզոր տեխնիկայով շինարարական աշխատանքները հույս չեն թողել հնէաբանների մոտ, որ 5-6 տարի հետո այս ամենը նույն տեղում կմնա եւ հնարավոր կլինի ամրագրել. «Մենք փորձում ենք փրկել այն, ինչ գոյություն ունի: Ինձ համար իդեալական է ճապոնական հնագիտությունը, նրանք հայտնաբերված վայրերը կառուցում են մինչև տանիք եւ դարձնում զբոսաշրջային վայր: Մեզանում իդեալական կլինի գոնե այն, որ պեղված հնավայրը մոդելի միջոցով վերականգնվեր»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ