Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհուն սպառնացել են ֆեյսբուքում

Հոկտեմբեր 07,2013 16:18

«Ֆեյսբուքյան նամակների տեսքով եղել են եւ սպառնալիք եւ հայտարարություններ, բայց դրանք որեւիցե կերպ ինձ չեն կարող կաշկանդել: Իրավապահները պարտավոր են հետեւել, որ որեւիցե մեկը չկարողանա իմ դեմ բան անել»,-այսպես պատասխանեց «Պոստ սկրիպտում» ակումբի հյուր, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ իր հանդեպ հնարավոր հետապնդումների եւ սպառնալիքների մասին լրագրողի հարցին:

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ պատվիրակության մեջ նրա լինել-չլինելու հարցին, ապա տիկին Փոստանջյանն ասաց, որ ինքը ԵԽԽՎ կանոնակարգով հաստատված պաշտպանությունն է հայցել, դիմելով ԵԽ համապատասխան հանձնաժողովների նախագահների: Նաեւ շեշտեց, որ որեւէ ադրբեջանցի դրանց մեջ չկա. «Նման բառերով՝ ադրբեջանցի, թուրք եւ այլն, փորձում են շեղել, որ մարդկանց մոտ այլ կարծիք ձեւավորվի»:

Նա վստահ է, որ իր լիազորությունները, որ հաստատել է ԵԽ-ն, ոչ ոք չի կարող մերժել՝ «ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ էլ ուրիշը». «Ես ԵԽԽՎ-ում ներկայացվել եմ հայ ժողովրդի լիազորությամբ եւ ներկայացրել եմ հայ ժողովրդին հուզող հարցը»,-ասաց տիկին Փոստանջյանը, հավելելով, որ Սերժ Սարգսյանը իր պատասխանով «մատնեց ինքն իրեն», ցույց տվեց, որ իր համար կարեւոր են միլիոնները, ընդունեց, որ կորցրել է միլիոններ, ցույց տվեց, որ երջանկության համար իրեն միլիոններ են պետք, որ ինքը մարդկանց բարությունը կամ չարությունը միլիոններով է չափում, իսկ մենք մեր երջանկությունը միլիոններով չենք չափում, մենք այն արժեքների կրողն ենք, որ ոչ թե միլիոններով է չափվում, այլ մեր արժեքը ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն է»: «Մենք» ասելով տիկին Փոստանջյանը նկատի ունի «այն ութսուն տոկոսին հայ ժողովրդի, ովքեր փետրվարի 18-ին «ոչ» ասեցին այդ կրիմինալներին»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքին՝ տիկին Փոստանջյանի հարցի վերաբերյալ, ապա Զ.Փոստանջյանն ասաց, որ խոսել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, շատ դրական է վերաբերմունքը»:

Ամեն դեպքում՝ նա իր սեփակա՞ն, թե՞ կուսակցության հարցն է հնչեցրել ԵԽԽՎ-ում, այս հարցին էլ Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Ես գործել եմ իմ լիազորությունների շրջանակներում, եւ ես ունեմ որոշումներ ընդունելու իրավունք»:

Նա որեւէ կերպ չի կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր նույնականացնում են Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանի հետ. «Ես շատ ցավում եմ նրանց համար, ովքեր կարծում են, որ մեր պետությունը այդ կրիմինալ անձնավորությունն է: Նրան նույնացնել հայկական պետականության հետ՝ որեւէ կերպ չի կարող տեղավորվել որեւէ տրամաբանության մեջ»,-ասաց տիկին Փոստանջյանը:

Իսկ նրանց, ովքեր վատ են զգում հարցը «դրսում» եւ ոչ թե «ներսում» հնչեցնելու, նա վստահեցրեց, որ մեր ժամանակներում «ներս ու դուրս » գոյություն չունի՝ «այս պայմաններում, երբ ամեն ինչ վայրկյանների ընթացքում բոլորին հասանելի է դառնում ինտերնետի միջոցով, տարանջատել ներսն ու դուրսը չի կարելի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայաստանցի հայը ստրկացված է. դրա համար է այսպիսի ՍՈՎՈՐԱԿԱՆ հարցերից ցնցվում (կամ «ցնցվում»): Դուք մի տեսնեք Հոլանդիայի իշխանավորներին Ի՜ՆՉ հարցեր են տալիս ամենուր ու ամենքի կողքին:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լիսկայի կամակատարներն էլ ինձ Ֆեյսբուք-ում սպառնացել են՝ այդ դաժան սպանության իմ մեկնաբանությունների համար:

    Հարգելի Զարուհի- պի՛նդ կաց, դրանց շան տեղ մի դիր ու եղիր (ընդհանուր առմամբ) զգույշ/զգոն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031