Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող Ա. Վ.-ին`ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը իրեն վերագրվող արարքում:
Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Շ. Հ.-ին իր հետ տարել է մարմնավաճառության, այս եղանակով պարբերաբար նպաստելով նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Ա. Վ.-ի փաստաբան Ռուբեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատում է, որ վերոնշյալ մեղադրական եզրակացության մեջ, որպես այդպիսին, մեղքը հիմնավորող ապացույցներ չեն եղել, շարադրված է եղել մեկ վկայի ցուցմունք, ինչն էլ նախաքննական մարմինը հիմք է ընդունել:
«Մեղադրյալ Ա. Վ.-ին մեղսագրվող արարքը հիմնավորվել էր քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված վերոհիշյալ ապացույցով: Որեւէ այլ ապացույց չկա: Դատաքննության ընթացքում այդ վկան եկավ եւ իր նախաքննական ցուցմունքը չպնդեց»,-ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
Կարդացեք նաև
Նա նկատում է, որ եթե դատարանը կայացներ այլ վճիռ, դա կարող էր վտանգավոր նախադեպ դառնալ:
«Ստացվում է, որ մեկ ցուցմունքի հիման վրա քրեական գործը մտել էր դատարան, եթե մեղադրական եզրակացության հիման վրա դատարանը կայացներ մեղադրող դատական ակտ, ապա մարդը կարող էր դատվել: Դա վտանգավոր նախադեպ կարող էր դառնալ»:
Փաստաբանը հավելում է, որ իր պաշտպանյալին վերագրվող հոդվածի հետ էլ համաձայն չէր, ըստ նրա, այդ գործողությունը չէր կարող որակվել որպես մարմնավաճառության նպաստել:
«Մարդը իր կյանքը այդպես է տնօրինում, զբաղվում է մարմնավաճառությամբ, ենթարկեք վարչական պատասխանատվության, բայց ոչ քրեական»,-եզրափակում է Ռուբեն Հակոբյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ