Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների առիթով մայրաքաղաքի ձեւավորման համար Երեւանի քաղաքապետարանը կծախսի 10 միլիոն դրամ: Այսօր Երեւանի քաղաքապետարանում ասաց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:
Նա տնտեսվարողներին կոչ արեց սեփական ուժերով էլ մասնակցել մայրաքաղաքի ձեւավորմանը, մասնավորապես` ձեւավորել օբյեկտների ֆասադն ու հարակից տարածքը. «Քաղաքի արտաքին ձեւավորումը ամբողջական չի կարող լինել, եթե տնտեսվարողները չզգան, որ սա միայն Երեւանի քաղաքապետարանի տոնը չէ, եւ որ իրենց հարակից հատվածները ձեւավորելու եւ տոնական տեսք տալու համար քաղաքի նկատմամբ սոցիալական պատասխանատվություն իրենք էլ պետք է ունենան»:
Պարոն Բաղդասարյանի խոսքերով, այլ երկրներում այսպիսի տոնակատարությունների ժամանակ քաղաքացիները նույնպես ակտիվորեն մասնակցում են քաղաքի ձեւավորմանը եւ իրենց պատշգամբներից, պատուհաններից դրոշներ, փուչիկներ են կախում:
Հոկտեմբերի 11-12-ը Երեւանը կտոնի իր 2795-ամյակը: Նախատոնական այս օրերին քաղաքապետարանը, Արազ Բաղդասարյանի տվյալներով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կենտրոնական փողոցներում կտեղադրի 3 հազարից ավելի դրոշներ, հատկապես` Էրեբունի փողոցը կզարդարվի գիշերային տոնական լույսերով:
Կարդացեք նաև
Տոնի առիթով Մաշտոցի պողոտայում վեց նոր կանգառներ են տեղադրվելու, որոնց վրա նույնպես տոնակատարությունների մեկնարկն ազդարարող սոցիալական գովազդներ կլինեն: Կարապի լճի հարեւանությամբ` Տերյան 42 շենքի պատին էլ երեք «Դ» ձեւաչափով ֆիլմ կցուցադրվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ