Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վրաստանը փակել տվել Ստեփանավանի ոսկու գործարանը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 15:15

«Քանի որ մեր երկրում տնտեսության մյուս ճյուղերը դեռ փլուզված են, մի մասը նոր է զարգանում, Հայաստանն ուզի, թե չուզի գնալու են նրան, թեկուզ ի վնաս շրջակա միջավայրի, կամ նույնիսկ ի վնաս որոշակի մարդկանց առողջության, հանքարդյունաբերությունը շարունակեն զարգացնել ու պահել»,-նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է հանքարդյունաբերության ներկայիս ագրեսիվ տեմպերով գնալ կանաչ տնտեսության ճանապարհով:

Պարոն Մակարյանի դիտարկմամբ` ժամանակն է, որ կառավարությունն  արագ մտածելով սկսի զարգացնել տնտեսության մյուս ոլորտները, որոնք հակակշիռ կլինեն հանքարդյունաբերությանը. «Տնտեսությունը բոլոր ճյուղերով պետք է դիվերսիֆիկացվի: Այսինքն, եթե նույնիսկ հանքարդյունաբերության ծավալները նույնը մնան ընդհանուր տեսակարար կշռի մեջ, մյուս ճյուղերը զարգանան եւ հանքարդյունաբերության մասը նվազի: Սրա, տեսակարար կշիռը, եթե նվազի, նաեւ քաղաքական որոշում կայացնելը կհեշտանա»:

Aravot.am-ի հարցին, թե ո՞ր ճյուղերը կարող են հակակշիռ լինել հանքարդյունաբերությանը, պարոն Մակարյանն օրինակ բերեց գյուղմթերքների վերամշակումը. «Այսօր գինու գործարաններ են կառուցվում, մոդեռնիզացվում, կոնյակագործությունը, մրգային օղիները բավական լուրջ արտադրատեսակներ են սկսել զարգացնել, թարմ միրգ-բանջարեղենները: Կարծում եմ, եթե այս բոլորը միասին մոտ 200 միլիոն դոլար է կազմում, այս թիվը կարելի է կրկնապատկել մի 2-3 տարվա ընթացքում: Եթե մի քանի գործարաններ ավելացնենք, պլանտացիաներ տրամադրեն, սուբսիդավորեն վերամշակողներին, պլանտացիա շահագործողներին, ապա ծավալները բավականին կաճեն: Ռուսական եւ եվրոպական շուկաները սիրում են հայկական մթերքները, եւ նաեւ պետք է քվոտաներ ձեռք բերվեն այդ շուկաներում»:

Ինչո՞ւ հիմա այդ ամենը չի արվում, գուցե կառավարությանն ավելի  ձեռնտու է ներդրող գա եւ ինքը ծախսեր անի հանքարդյունաբերությունում, համապատասխան հարկեր վճարի բյուջե, քանի կառավարությունը ծախսեր անի այդ ոլորտին հակակշիռ ճյուղեր զարգացնելու համար, մեր այս հարցին էլ, պարոն Մակարյանն ասաց. «Հիմա անփույթ են մոտենում, սուբսիդիաները քիչ են, բանկերը վարկավորում են բարձր տոկոսադրույքներով, գործարար միջավայրը բավականին անհաջող է, արտահանման համար սերտիֆիկացման խնդիրները կանոնակարգված չեն, եւ պետությունն իր լծակներն ամբողջովին չի դրել այս գործում, ինքը պետք է լավ նվիրվի այդ գործին: Եվ այնպես չէ, որ պետությունը հանքարդյունաբերությունից ամենամեծ օգուտն է ստանում, հանքարդյունաբերությունը հիմնականում արտահանմանն է ուղղված, իսկ այս դեպքում ԱԱՀ-ն վերադարձնում ենք այն մասով, ուղղակի զբաղվածություն է ապահովում, եւ որոշակի հարկեր է վճարում, բայց վնասները, քանի որ տարիների ընթացքում են երեւում, զգոնությունը թուլացել է»:

Այսօր «Էկոլուր» ակումբում «Հնարավո՞ր է վերափոխել Հայաստանի տնտեսությունը` դարձնելով այն «կանաչ» թեմայով ասուլիսի ժամանակ Գագիկ Մակարյանն ասաց, որ եթե Հայաստանը գնա կանաչ տնտեսության ճանապարհով, ապա հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում պետք է կրճատվի: Հարցին, թե տարեցտարի հանքարդյունաբերությունն ընդլայնվում է, սակայն ՀՆԱ-ում այս ոլորտի մեծ տեղաշարժեր չեն նկատվում, պարոն Մակարյանն ասաց. «2012 թվականի տվյալներով նոր կատեգորիայի մետաղների հանքարդյունահանումը չի ավելացել, այն ինչ կար, դա մնացել է: Այն, որ դրանք կրկնապատկվել են, այդպես չէ, միջազգային շուկայում մետաղների գինը նվազել է, այսինքն ծավալները թեկուզ ավելացել են, գները շուկայում, իջել են»:

Մանրամասն` տեսանյութում

Հարցին էլ, թե մի կողմից փորձում են զբոսաշրջություն զարգացնել, մյուս կողմից էլ նոր հանքեր են շահագործվում, պարոն Մակարյանը կարծիք հայտնեց, որ հանքարդյունաբերությանը համարժեք հակակշիռ չկա եւ բերեց մի հետաքրքիր օրինակ. «Ստեփանավանում 1,5 տարի առաջ բացված ոսկու գործարանը շուտ փակվեց, քանի որ Վրաստանի կառավարությունը դա պահանջեց, պատճառաբանելով, որ Ստեփանավանի գործարանը վնասում է իրենց երկրի այդ տարածաշրջանի շրջակա միջավայրը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031