Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Միջազգային աստղագիտական միության գիտաժողովի բացման արարողությունը

Հոկտեմբեր 07,2013 14:56

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որը նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ավեսը, ՄԱՄ 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը (Հայաստան) և Դևիդ Սանդերսը (ԱՄՆ), ինչպես նաև աշխարհահռչակ հայ աստղագետ Երվանդ Թերզյանը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) արդեն 6-րդ անգամն է, որ Հայաստանում է կազմակերպում գիտաժողովը: Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունը հաշվի է առել մեր երկրի` աստղաֆիզիկայի բնագավառում ձեռք բերած հաջողություններն ու նվաճումները, և դրա համար է, որ այսպիսի գիտաժողովներ նաև Հայաստանում են անցկացվում:

Ժամանակի առումով այս գիտաժողովը համընկնում է մի քանի կարևոր հոբելյանների հետ` Բենիամին Մարգարյանի 100-ամյակը, Վիկտոր Համբարձումյանի 105-ամյակը (ինչ-որ չափով սա էլ կարելի է հոբելյան անվանել) և ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 70-ամյակը, այսինքն` այս գիտաժողովի կարևորությունը մի քանի անգամ ավելի է մեծանում, որովհետև համընկնում է այսպիսի կարևոր իրադարձությունների հետ: Խոսելով գիտաժողովի մասին` ես կցանկանայի անդրադառնալ Բենիամին Մարգարյանի ավանդին: Նրա ավանդը շատ մեծ է մեր աստղագիտության մեջ: Ես կարծում եմ, որ նրան պետք է համարել դիտողական աստղագիտության հիմնադիրը Հայաստանում»:

Հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու ցանկություն են հայտնել շուրջ 145 գիտնականներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Թեև մասնակիցների թիվը դեռ կարող է ավելանալ, սակայն սա էլ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում երբևէ անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ:

Գիտաժողովը ֆինանսավորում են ՄԱՄ-ը, ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, UCOM-ը, UniComp-ը և այլ կառույցներ:

Առավել շատ մասնակիցներ կան զարգացած աստղագիտական երկրներից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանից: Գիտաժողովի շրջանակներում կներկայացվեն 60 բանավոր զեկուցումներ և շուրջ 100 պոստերներ:

Ի դեպ, գիտաժողովի ոչ պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ «Անի Պլազա» հյուրանոցում: Մինչ այդ, գիտաժողովի մասնակիցների համար անցկացվել են զբոսաշրջային այցելություններ դեպի Երևանի տեսարժան վայրեր, Սևանա լիճ, Գառնիի տաճար և Գեղարդի եկեղեցական համալիր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիտաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 11-ը:

Հայաստանում նմանօրինակ գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998, 2001թթ., և 2013-ին անցկացվող գիտաժողովը 6-րդն է:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031