Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարսատիկով ենք կրակում Թուրքիայի վրա». Գրականագետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 13:43

«Հայագիտակ» հրատարակչության տնօրեն, գրականագետ Ալբերտ Իսոյանը եւ ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ Արամ Կարապետյանն այսօր 
«Ֆորում» մամուլի ակումբում ներկայացրին առաջիկայում լույս ընծայվող «Երկիր դրախտավայր» գիրքը, որտեղ արտացոլված են հայոց պատմության էջերը՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը:

Ալբերտ Իսոյանը նշեց, որ ավելի վաղ հրատարակել են «Սեւ գիրքը. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների եւ Հայոց ցեղասպանության մասին», որտեղ 150 ոչ հայ հեղինակներ գրել են թուրքական ոճիրների մասին, ու գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

«Սեւ գրքից» հետո մամուլը եւ ընթերցողները հետաքրքրվում էին՝ իսկ համընդհանուր հանրագիտարան չի՞ լինելու, որտեղ զետեղված լինի օտարների խոսքը՝ հայ ժողովրդի պատմության մասին: «Երկիր դրախտավայրի» նպատակը հենց դա է»,-հավելեց Իսոյանը: Գրականագետի ձեւակերպմամբ, գրքում օտարների շուրթերով ասվում է, թե ինչ է նշանակում Հայաստան, ինչո՞ւ են օտարները մեր երկիրը անվանել դրախտավայր:
Ալբերտ Իսոյանը վկայակոչեց թուրք պատմաբան Քյաթիպ Չելեպիի խոսքը. վերջինս Մեծ Հայքն ու Փոքր Հայքը համարում էր բուն Հայաստան: Գիրքը կազմողները նշեցին, որ «Երկիր դրախտավայրում» մեծ տեղ են տրվելու այն հեղինակներին, որոնք քիչ ծանոթ են ընթերցողներին:

Ինչ վերաբերում է «Սեւ գրքին», այն լույս է տեսել հայերեն, ռուսերեն, թուրքերեն, շուտով կլինի նաեւ անգլերեն տարբերակը:

«Ցավոք, հենց հիմա մենք պարսատիկով ենք կրակում թուրքերի վրա, իսկ «Սեւ գիրքը» կարող է ստրատեգիական զենք լինել»,-համոզված է գրականագետը:
Արամ Կարապետյանն էլ հայտնեց, որ երբ ծնվել է «Սեւ գրքի» գաղափարը, դիմել են վարչապետին, եւ նա աջակցել է, որ երեք լեզվով հրատարակեն: Դիմել են նաեւ Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրներին, նրանք եւս համաձայնել են աջակցել: «Առաջիկայում պետք է նշենք Եղեռնի հարյուրամյա տարելիցը, հասկացանք, որ այս շրջանում պետք է կարեւորվի ոչ միայն եղեռնի մասին գրականությունը, այլեւ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին ասված խոսքը՝ աշխարհի նշանավոր մարդկանց կողմից: Մինչեւ հունվար-փետրվար «Երկիր դրախտավայրը» լույս կտեսնի: Առաջին հերթին մեր առջեւ խնդիր է դրված հայերեն տարբերակը տպագրել, եւ հովանավորի պահանջն է եղել, որ ՀՀ բոլոր 1400 դպրոցների գրադարանները մեկական օրինակ ստանան՝ գրականության եւ պատմության դասերի համար: Գիրք սիրելը երկիր ու հայրենիք կառուցելու շաղախներից մեկն է»,-ասաց պարոն Կարապետյանը: Նա պատմեց, որ «Սեւ գրքի» մոսկովյան շնորհանդեսից հետո ռուս ազդեցիկ գործիչներ ու գրականագետներ դիմել են իրենց՝ գրքի՝ ռուսերեն հրատարակելու իրավունքի ձեռքբերման խնդրանքով:

Պարոն Իսոյանն էլ փաստեց, որ, օրինակ, ադրբեջանցիները Ծերեթելու եւ Ճավճավաձեի հակահայ գրքերը հրատարակում ու իրենց դեսպանատների միջոցով տարածում են, իսկ հայկական կողմը ունենալով հզոր փաստարկներ, բավականին պասիվ է. «Մենք պետք է հերքենք գրքերով հայ ժողովրդի մասին տարածված կարծիքները, թե հայերը խարդախ են, վաճառական ու վատ գծերով օժտված»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031