Քիչ առաջ սկսվեց Տիգրան Առաքելյանի դատը՝ Վերաքննիչ քրեական դատարանում:
Տիգրան Առաքելյանին այս անգամ դիմավորեցին ոչ միայն ծափողջույններով, այլեւ «Ազատություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին» շապիկներով: Տիգրան Առաքելյանին աջակցելու է եկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Տիգրան Առաքելյանը դատական նիստին ներկայացրեց նոր ապացույց. «Ապացույց կա, որ տուժող ճանաչված Շահեն Հարությունյանը տուժող չի, ստախոս է: Նա որեւէ հեռախոս չի կորցրել: Այդ մասին իր ընկերները սուտ ցուցմունք են տվել եւ ես մեղադրվում եմ ծանր հանցագործության մեջ:
Կարդացեք նաև
Դեպքի օրը իրեն քաշել գցելու հետեւանքով իբր կորել է իր հեռախոսը, չի օգտագործվել այլեւս իր կողմից»:
Տիգրան Առաքելյանը վստահեցրեց, որ «ՎիվաՍելլը» արժեքավոր տեղեկություն է տրամադրել, որն ապացուցում է՝ Շահեն Հարությունյանը հեռախոսը չի կորցրել, այն օգտագործել է՝ չնայած քարտի պայմանագիրը խզել է. «Այդ հեռախոսից 4 հեռախոսահամար է օգտվել մինչ այսօր: Ես գտնվում եմ կալանքի տակ, ծանր հոդվածներով մեղադրվում եմ, ինքը պետք է գա եւ պատասխան տա, թե ինչի համար է ստել: Կրկնակի հարցաքննելու կարիք է զգացվում»:
Պաշտպան Մուշեղ Շուշանյանը նույնպես միացավ միջնորդությանը: Միջնորդությունը բավարարվեց՝ հաջորդ դատական նիստին հրավիրելու Շահեն Հարությունյանին՝ կրկնակի հարցաքննության:
Տիգրան Առաքելյանը նաեւ մյուս տուժողի՝ Տիգրան Ավետիսյանի հետ կապված միջնորդություն ներկայացրեց՝ ասելով, որ ռենտգեն հետազոտության արդյունքները չկան, որ նրա քիթը կոտրվել է, ուստի առաջարկեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն, որ տեսնեն՝ իսկապե՞ս ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք, թե՞ հեռախոսի նման դա էլ է կեղծ:
Նշենք, որ դատավոր Եվա Դարբինյանը մի փոքր զարմացած էր, որ նոր միջնորդություններ է ներկայացնում պաշտպանական կողմը: Նա մի քանի անգամ հարցրեց՝ դուք ուզում եք այս իրավիճակում ձգձգե՞լ դատական նիստը:
Դատարանը գնաց խոհրդակցական սենյակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ