«Չենք մտածել, որ կարող ենք սպառողին մոլորության մեջ գցել, եթե իմանայինք, բնականաբար, նման խնդիր չէր լինի: Խոստանում ենք, որ արագ կվերացնենք այդ խնդիրը»,-այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում (ՏՄՊՊՀ) այսպես արդարացավ «Արմավիրի պահածոների գործարան «Նյու Վեյվ» ընկերության տնօրեն Աշոտ Ադուլյանը` հանձնաժողովի այն մեղադրանքներին ի պատասխան, թե սպառողին մոլորության մեջ են գցել:
Ըստ հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ Հայկ Վարդանյանի, ապրանքների վրա մակնշում են, թե իրենց ապրանքը էկոլոգիական է , բայց այն հավաստող ոչ մի փաստաթուղթ չունեն, ինչը նշանակում է տնտեսվարողներին մոլորեցնում են:
Հանձնաժողովի նախաձեռնությամբ պարենային ապրանքների շուկայում լայնածավալ ուսումնասիրություն է կատարվել, ինչի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել 8 տնտեսվարողի մոտ: Պարզվել է, որ «Բիո», «Էկո», «Օրգանական» եւ նման անվանումներով մթերքներ արտադրող մի շարք ընկերություններ անբարեխիղճ են եւ սպառողներին մոլորեցնում են եւ գործում են օրենսդրության խախտումներով:
Կարդացեք նաև
Համաձայն օրենսդրության, արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաև գովազդում կարող է նշվել «օրգանական», «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները, եթե այն համապատասխան սերտիֆիկացում անցած արտադրանք է: Սակայն, ի պատասխան Հանձնաժողովի պահանջի, վերոնշյալ ընկերություններից որեւէ մեկը հավաստման փաստաթուղթ չի ներկայացրել:
Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, ընկերությունները պատճառաբանել են օրենսդրության չիմացությունը եւ այդ պատճառով էլ այս անգամ հանձնաժողովը, նաեւ հաշվի առնելով, նրանց` փոքր եւ միջին բիզնես լինելու հանգամանքը, որոշեց չտուգանել: 10 օրյա ժամկետում տնտեսվարողները պարտավոր են խախտումը վերացնել: Ընկերությունները խիստ նախազգուշացվեցին, սակայն, եթե խախտումները կրկնվեն, պարոն Շաբոյանի խոսքերով` խիստ կպատժվեն` վարչական տուգանքով: Արտակ Շաբոյանի մեկնաբանությունը` տեսանյութում
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անբարեխիղճ վարքագիծ են դրսեւորել «Թալին Ֆուդ»,«Կալաչ»,«Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան «Նյու Վեյվ», «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի», «ԱՁ Գ. Հյուսյան» եւ «Ամառտի» ընկերությունները:
Հանձնաժողովը հանրությանը կոչ է անում սպառողներին, կասկած հարուցող նման դեպքերի առնչվելիս դիմել ՏՄՊՊՀ՝ 010 54-40-04 թեժ գծի միջոցով:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաեւ ոչ պարենային ապրանքների շուկան: Պարզվել է, որ մաքրող եւ լվացող միջոցների, սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պարագայում ևս կիրառվում են «Բիո» եւ «Էկո» հասկացությունները: Սակայն օրենսդրությունը այս տեսակի ապրանքների մասով հստակ կանոնակարգված չէ եւ կարիք կա լրացումների: Հարցի կանոնակարգման հետ կապված հանձնաժողովը հանդես կգա օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով:
Նիստի օրակարգում այսօր ընդգրկված էր նաեւ մանկապարտեզներին, ծերանոցներին եւ մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերությունների պատասխանատվության ենթարկելու հարցը: Սակայն, Արտակ Շաբոյանի խոսքերով, հանձնաժողովը ստացել է նոր դիմում-բողոք ոլորտում ընդգրկված ընկերությունների գործունեության վերաբերյալ եւ կան նոր էական հանգամանքներ, որոնց համաձայն, բացի վերոնշյալ 3 ընկերություններից, հնարավոր է, որ գործում ընդգրկվեն նոր օրինախախտ ընկերություններ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ