Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր երրորդ աղմկահարույց գործն է, որը հետաձգվում է մեղադրանքը պաշտպանող դատախազների պատճառով: Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ հետաձգվեց նաեւ պաշտոնատար անձանց առանձնատներից գողությունների կատարման համար մեղադրվող «Բանդայի գործով» հերթական դատական նիստը:
Մեղադրանքը պաշտպանող դատախազ Ջոն Ֆարխոյանը հայտնել էր, որ դատախազությունում խորհրդակցություն է եւ չի կարող ներկայանալ դատարան, իսկ երկրորդ մեղադրողը՝ Գեւորգ Երեմյանը հայտնել էր, թե վատառողջ է:
Ի դեպ, մեր տեղեկություններով, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատախազներին արգելել է առժամանակ մասնակցել դատական նիստերի, քանի որ նրանք հնարավոր է փոխվեն, ազատվեն աշխատանքից, հետեւաբար մեղադրանքը դատարանում չկարողանան պաշտպանել:
«Բանդայի գործով» դատարան բերված ամբաստանյալներից Սամվել Դավթյանը դիմակով էր եւ դատավորի հարցին էլ պատասխանեց, որ պատճառը գրիպի վիրուսն է: Ի դեպ, Ազգային անվտանգության տարածքում գտնվող «Երեւան կենտրոն» քրեական հիմնարկի կալանավոր Արտուշ Հակոբյանն էլ ատամի հետ կապված տարել էր փոքրիկ վիրահատություն: Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Արթուր Մանուկյանը խնդրել էր հանրային պաշտպան: Հանրային պաշտպանի գրասենյակի որոշմամբ՝ այսուհետ ամբաստանյալի պաշտպանությունը կիրականացնի Ռաֆիկ Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Մինչ դատական նիստը հետաձգելը, դատավորը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդությունից հետո դատարան են ուղարկվել «Արմենտելից» եւ «Վիվասելից» հեռախոսային վերծանումները: Կողմերը դրանց կարող են ծանոթանալ դատարանում, իսկ ապացույցների հետազոտման փուլում դրանք կհետազոտվեն:
Դատական նիստը հետաձգվեց մինչ գալիք երկուշաբթի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ