Փորձում եմ վարձել այգեպան, որպեսզի հաջորդ սեզոնին այգուն հետեւի: Ասում եմ, օրինակ՝ «Ես ուզում եմ, որ այս վարդերն այն պատով մագլցեն»: Նա չի ասում՝ «Հա, կլինի», կամ՝ «Չէ, չի լինի»: Նա չի էլ լսում, թե ինչ եմ ես ասում, եւ ինձ հետ զուգահեռ իր մենախոսությունն է տանում՝ «Իմ համար աշխատանքը իմ թասիբի հարցն ա, որ մի տարի հետո իրար տեսնենք, մի հատ կարգին բարեւենք, կարող ա դաժե ընկերներ դառնանք, բա մենք հայ ենք, չէ՞»:
Երբ փորձում եմ պայմանավորվել աշխատանքի վարձատրության մասին, նա դարձյալ չի ասում՝ «Այո, համաձայն եմ» կամ՝ «Ոչ, համաձայն չեմ»: Նա կրկին իմ հարցերին զուգահեռ շարունակում է երգել իր քնարական մուղամը, որից պարզ է դառնում, որ նա գործ անող չի:
Ազգային մենթալիտե՞տ: Իհարկե, ոչ: Նույն մեր հայրենակիցը Գերմանիայում, երբ աշխատանքի ընդունվի, գրավոր կամ բանավոր պայմանագիր կկապի եւ գլուխը կախ կաշխատի: Սակայն այստեղ՝ ռուսական կամ Խորհրդային կայսրությունում եւ անկախ Հայաստանում նա, նրա հայրերն ու պապերը սովոր են, կոպիտ ասած, «գլուխ հարթուկելով» ու «ֆռռացնելով» մի քանի կոպեկ փախցնել, դրանից հետո բողոքել, որ այդ կոպեկները քիչ են եւ բախտ փնտրել օտար ափերում (եթե այդպիսի հնարավորություն ստեղծվում է):
Կարելի է, իհարկե, դրա համար երկար մեղադրել վարչախմբին, իշխանավորներին, օլիգարխներին՝ այդ պոպուլիզմով հեշտ է անվախ ժողովրդասերի համբավ ձեռք բերել: Շատ հնարավոր է, որ բոլոր պիտակները, մեղադրանքները, վիրավորանքները իշխանության հասցեին ճիշտ են: Մի բան էլ՝ քիչ են: Բայց այդ որակումները տասնամյակներ շարունակ (սկզբից խոհանոցներում, իսկ հետո հրապարակներում եւ թերթերում) մնում են նույնը, իշխանությունները փոխվում են, իսկ մե՞նք…
Կարդացեք նաև
Մենք համարձակություն չունենք մեր մասին ճշմարտությունն ասելու եւ չենք ուզում խոստովանել, որ վերը նկարագրված մարդիկ ժամանակակից Հայաստանում ճնշող մեծամասնություն են կազմում: Իսկ դա պետության ձախողման թե՛ ցուցիչն է եւ թե՛, մեծ չափով, պատճառը: Հասարակական միտքը այդ խնդիրը շրջանցում է. իշխանությունն ընդհանրապես որեւէ միտք չունի եւ զբաղված է նյութական բարիքներով, իսկ ընդդիմադիրների միտքը կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես քշել ներկայիս իշխանավորներին իրենց աթոռներից եւ տիրանալ նույն նյութական բարիքներին՝ օգտագործելով այդ նույն զանգվածի բացասական էներգիան: Դա, ի դեպ, շատ դժվար է անել, քանի որ մարդկանց այդ տեսակը իր պետության համար որեւէ պատասխանատվություն չի ուզում կրել: Իսկ անկախ միտք մեզ մոտ գրեթե չկա:
Եթե լիներ, ապա, ինձ թվում է, պետք է մտորեր հետեւյալ ուղղությամբ. ինչպես անել, որ այստեղ՝ Հայաստանում, աշխատանքի, մասնագիտական եւ քաղաքացիական պարտքի մասին պատկերացումներում էական բեկում տեղի ունենա: Աշխատանքը ոչ պատիվ է, ոչ «թասիբ է», ոչ էլ «ջիգյար է»՝ դա համակարգված, մեթոդական եւ ծրագրավորված գործունեություն է՝ օրինական եկամուտ ստանալու նպատակով: Մարդու ամենասարսափելի մեղքերից մեկը ժամանակի անիմաստ վատնումն է, իսկ ինչ-որ եկամուտի կամ հարստության ձեռքբերում մեզ չի ազատում աշխատելու պարտականությունից: Գերմանացի փիլիսոփա Մաքս Վեբերը գտնում էր, որ այդպիսի «էթոսը» հատուկ էր բողոքականներին եւ, առաջին հերթին, կալվինիստներին: Բայց ակնհայտ է, որ աշխատանքի նկատմամբ նման վերաբերմունքն առկա է ոչ միայն բողոքական եւ նույնիսկ՝ ոչ միայն քրիստոնեական երկրներում:
Այսօր Հայաստանում հազարավոր մարդիկ ասում են՝ «Ես գործ եմ ՓՆՏՐՈՒՄ: Եթե չգտնեմ, կգնամ Ռուսաստան»: Դա, իմ կարծիքով, արմատապես սխալ մոտեցում է: Պետք չի գործ փնտրել, գործը պետք է ՍՏԵՂԾԵԼ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.positivelypresent.com–ից
Մի մեկնաբանություն թողեցի, բայց կապս անջատվեց, կարծում եմ` չի ուղարկվել, փորձեմ շարադրել նույնությամբ:
Ահա, «անկախ միտք մեզ մոտ գրեթե չկա» և «եթե լիներ…» մտքերն արդեն հակասում են իրար: Ինքներդ շատ գրում եք «փչացած բերքի» մասին (իշխանություն, ընդդիմություն), քիչ չեք գրում մեծամասնության վատ որակների մասին` լուսաբանելով որպես ռեալ իրականություն (և չգիտեմ, թե ում եք լուսաբանում, երևի լավորակ փոքրամասնությանը): Բայց ավելի լավ կլիներ, եթե շատ գրեիք քաղաքացիականների մասին և լավ որակների մասին` ներկայացնելով իհարկե, թե դրանք ում են պատկանում: Այդպես Ինքներդ նաև Ձեզ չեք հակասի: