Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Սամվել Ալեքսանյանը եւ Տարոն Մարգարյանը պարտադիր պետք է կանչվեն պատասխանատվության» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2013 11:22

Zaruhi_Postanjyan_341 Zaruhi_Postanjyan_2 Zaruhi_Postanjyan_3. Zaruhi_Postanjyan_5Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն էր՝ փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսեւորված անգործության վերաբերյալ:

Ըստ դիմումի, Երևանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն եւ Փակ շուկայի կառուցապատողին անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը վնասելու համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակության, որը, ըստ էության, միտված է հուշարձանի ոչնչացմանը. «Երեւանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից` սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը եւ քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարման»:

Զարուհի Փոստանջյանը պահանջում է շուկայի կառուցապատողին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին կանչել քրեական պատասխանատվության:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը դիմել էր նաեւ ՀՀ ոստիկանություն, սակայն Կենտրոնական բաժնի հետաքննիչը որոշել է մերժել այն:

Այսօր դատական նիստում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը միջնորդություն ներկայացրեց իրեն տրամադրել գործի նյութերը, որովհետեւ մինչ այդ ինքը չէր հասցրել ծանոթանալ: Նա բացատրեց, որ առավոտյան ժամը 9-ին դիմել է դատարանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար՝ մտածելով, որ մինչ նիստը սկսելը բավարար կլինի դա, սակայն իրեն չեն տրամադրել: Դատավոր Գագիկ Պողոսյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է դատարանը տա ձեզ: Նյութերը դատարանի տրամադրության տակ են եղել վաղուց, կարող էիք գալ, ծանոթանալ: Բարի լինեիք մինչ այդ ծանոթանալ»:

Միջնորդությունը առարկեցին՝ ասելով, որ «Միտում ենք տեսնում դատական նիստերը հետաձգելու»: Սակայն ավելի ուշ, երբ Հերմինե Միքայելյանը պնդեց իր միջնորդությունը 2 աշխատանքային օր տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու. «Քննիչի ներկայացրած նյութերի մեջ կային պատճառաբանություններ, որ կարող է բողոքը լրացնելու խնդիր լինի»: Միջնորդությունը բավարարվեց եւ գործի քննությունը հետաձգվեց:

Ի դեպ, Զարուհի Փոստանջյանը դիմել է դատարան՝ ասելով, որ ինքը նիստերին չի մասնակցելու, ներկա է գտնվելու որպես ունկնդիր:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից՝ հաշվի առնելով, որ բազմիցս Դուք էլ եք պնդել, որ մեր դատական մարմիններն անկախ չեն եւ այս գործում էլ խոսքը Սամվել Ալեքսանյանի, Տարոն Մարգարյանի մասին է՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ իրենք պարտավոր են անցնել այդ բոլոր քայլերը՝ զուգահեռ հասարակական դիմադրության. «Դատական կարգով էլ մենք պետք է ամրագրենք: Տեսնենք՝ դատական իշխանությունն իր դերո՞ւմ է, թե՞ իր դերում չէ: Դատական իշխանությունը նույնպե՞ս դեմ է մշակութային ժառանգությանը: Մենք չնայած գիտենք, որ դատարանները բարոյական որեւէ տիրույթում չեն գտնվում, բայց ուզում ենք վիճարկենք, տեսնենք ինչպիսին է լինելու դատարանի վարքագիծը: Համենայնդեպս, դատարանն ունի այդ հնարավորությունը՝ իր առաքելությանը համահունչ վարքագիծ ունենալու: Տվյալ դեպքում պարտադիր պետք է հարուցվի քրգործ եւ պարտադիր Սամվել Ալեքսանյանը եւ Տարոն Մարգարյանը պետք է կանչվեն պատասխանատվության, որովհետեւ մեր մշակութային ժառանգության ոչնչացման գլխավոր մեղավորները եւ հեղինակները իրենք են»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, եթե դատարանը ճիշտ վարքագիծ դրսեւորի, ապա պետք է քրգործ հարուցվի, եթե չանի՝ ուրեմն կփաստեն, որ սա Սերժ Սարգսյանից է գալիս եւ անօրեն իշխանություններից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031