Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ միջազգային ընկերության կողմից կազմակերպած Միջազգային աստղագիտական միության գիտաժողովի հանդիսավոր ընդունելությունը: Գիտաժողովը նվիրված էր հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի հարյուրամյակին: Այն տեղի է ունենալու հոկտեմբերի 7-11-ը: Մասնակցելու են 30 երկրի 140 ներկայացուցիչներ: Գիտաժողովի թեման գալակտիկաների ուսումնասիրումն է, լինելու են 80 զեկուցումներ, որոնց հաջորդելու է քննարկումը:
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ գիտաժողովը բարձր վարկանիշ ունի ամբողջ աշխարհում. այն մեծ հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալու հայտնի աստղագետների հետ: Արեգ Միքայելյանը նշեց նաև, թե ինչու է այն կրում հայ աստղագետի անունը. «Բենիամին Մարգարյանը Վիկտոր Համբարձումյանից հետո, թերևս, մեր ամենախոշոր աստղագետն է և շատ ճանաչված է աշխարհում: Բայց նրան Հայաստանում այդքան լավ չգիտեն. Հայաստանում, նույնիսկ, Համբարձումյան, որ ասում են, անունը գիտեն, բայց չգիտեն՝ ինչ աշխատանքներ է արել: Այդ պատճառով ուզում ենք այդ բացը լրացնել»:
Միջոցառման ընթացքում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին խոստովանեց, որ ցանկացել է զբաղվել աստղագիտությամբ. «Ես ինքս շատ հետաքրքրված եմ այս բնագավառով, քանի որ ցանկանում էի դառնալ աստղագետ կամ աստղաֆիզիկոս, բայց հետո որոշ պատճառներով ստիպված էի ուրիշ եղանակով կերտել իմ ապագան: Հիմա ես ունեմ ուրիշ աշխատանք, բայց իմ սիրտը ձեր հետ է: Ես հետևում եմ աստղագիտության և աստղաֆիզիկայի խնդիրներին և կածում եմ, որ դա մարդկության համար շատ կարևոր դաշտ է»:
Հոլանդացի ասպիրանտ Վենդին Հայաստանում անցկացվող գիտաժողովը մեծ հնարավորություն է համարում. «Ես չէի կարող պատկերացնել, որ կարող եմ մի օր Հայաստան գալ, չնայած այն այդքան էլ հեռու չէ Հոլանդիայից: Կարծում եմ, գիտաժողովը շատ կօգնի իմ կարիերային, նամանավանդ, որ այստեղ կան հայտնի աստղագետներ: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է ձեռք բերել ընկերներ ու գործընկերներ և տեսնել Հայաստանը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ