Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը մի քանի անգամ լրագրողներին առաջարկել է կազմակերպված այցելել Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն, շփվել նժույգների հետ, ինչը կօգնի մոտենալ բնությանը, ճանաչել այդ հրաշք կենդանիներին, սովորել նժույգավարության այբուբենը:
Այդ նպատակով նա բազմիցս խոստացել է նաեւ հատկացնելմարզիչներ, իսկ երբ արդեն լրագրողները կկարողանան ինգնուրույն նժույգ վարել, նրանց համար նաեւ մրցումներ կազմակերպել: Ոգեւորությունը միշտ էլ մեծ է եղել, սակայն բանը ցանկությունից այն կողմ չի անցել:
Այսօր ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների անդրանիկ սպարտակիադայի ծրագրով դարտսի առաջնության ժամանակ հարցը կրկին շոշափվեց: Ըստ ամենայնի, լրագրողներն այս անգամ ավելի լուրջ են վերաբերվում առաջարկին: Բայց դրա համար անհրաժեշտ է կանոնավոր մարզվել: Եթե այս անգամ ստացվի, հնարավոր է, ձիասպորտը եկող տարվանից նույնպես ընդգրկվի ԶԼՄ-ների սպարտակիադայի ծրագիր: Առավել եւս, որ սպարտակիադայի գլխավոր կազմակերպիչ եւ իրականացնող ՀԱՕԿ-ը նույնպես տալիս է նախնական համաձայնությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ