Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացվեց ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի՝ համատեղ կազմակերպված ԶԼՄ-ների անդրանիկ սպարտակիադայի երրորդ փուլը, որի անցկացմանն աջակցեց Հայաստանի դարտսի ֆեդերացիան (նախագահ՝ Կարեն Գիլոյան):
Սպարտակիադայի անցկացումը նպատակ ունի՝ քարոզել օլիմպիական գաղափարները, ակտիվ սպորտը տարածել նաեւ լրատվական դաշտ:
Տասը լրատվամիջոցների երկու տասնյակ աշխատակիցներ որոշեցին դարտս մարզաձեւի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների հաղթողներին ու մրցանակակիրներին: Նախորդ երկու մրցումներում ՀԱՕԿ-ի մրցանակներով պարգեւատրվել էին միայն տղամարդկանց եւ կանանց մրցումներում հաղթող եռյակները: Պայքարն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով որոշվել է այս մրցումից սկսած խրախուսական մրցանակ սահմանել նաեւ չորրորդ տեղերն զբաղեցնողների համար:
Հետաքրքիր պայքարում լավագույն քառյակները կազմեցին:
Կանայք:
1. Լիլիթ Գալստյան, «Երկիր Մեդիա»
2. Հասմիկ Բաբայան, «Հանրային ռադիո»
3. Նարե Հովհաննիսյան, «Totalfootball»
4. Մարինե Կարապետյան, «Երկիր Մեդիա»:
Տղամարդիկ:
1. Էդուարդ Քալանթարյան, «Հանրային Հեռուստաընկերություն»
2. Սամվել Ջինանյան, «Երկիր Մեդիա»
3. Հայկ Պետրոսյան, «Totalfootball»
4. Խաչիկ Չախոյան, «Հանրային 2-րդ» TV:
Մեր հաջողակ գործընկերներին ՀԱՕԿ-ի մրցանակները հանձնեց Հայաստանի դարտսի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ