ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր:
ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրեց 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների մասին:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հաշվարկել նշված փոփոխություններով պայմանավորված ծախսերը, եւ հաշվարկները ներկայացնել կառավարություն: Նշվեց, որ կառավարությունը նախատեսում է նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված ծախսերի դեֆիցիտը նպատակային սուբվենցիաների միջոցով ծածկելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգին, ապա տեղեկացվեց , որ 2014թ-ի համար եւս կառավարությունն առաջարկում է այն հաշվարկվել նախորդ տարվա սկզբունքով, սակայն գալիք տարիներին արդեն հաշվարկը արվելու է` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:
Կարդացեք նաև
Այս կապակցությամբ փոխվարչապետը կարեւորեց համայնքների ղեկավարների եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` բնակչության թվաքանակի տվյալների ճշգրտման ուղղությամբ: Նա մարզպետներին հանձնարարեց առաջիկայում հրավիրել մարզխորհրդի նիստեր` այս եւ բյուջետային խնդիրների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Տեղեկություններ ներկայացվեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրոդ ծրագրի ընթացքի մասին: Մարզպետները նշեցին, որ նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, եւ մինչեւ հոկտեմբերի վերջ ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերն ավարտին կհասցվեն:
Քննարկվեց հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի ընթացքը: Զեկուցվեց, որ արդեն բաշխվել է սահմանված քանակի կեսից ավելին, հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ բաշխումն ամբողջությամբ կավարտվի: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց վերագնահատել ըստ մարզերի նեկայացված պահանջարկը, եւ հայտագրված քանակից շեղումների դեպքում` տեղեկացնել կառավարությանը` վերաբաշխում կատարելու համար:
Ներկայացվեցին նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. ինն ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,7 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 10,3 տոկոս է: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա, որը կազմել է 87,4 տոկոս: Նա ընդգծեց եկամուտների նախատեսված ծավալի ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը` անթույլատրելի համարելով ապառքների կուտակումը:
Մարզպետներին տեղեկություններ ներկայացվեց նաեւ հանրային սպասարկման կենտրոնների ստեղծման նախաձեռնության մասին, որը ենթադրում է մի շարք ծառայությունների մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով:Առաջարկվեց ծանոթանալ հայեցակարգի նախագծին եւ առաջարկություններ ներկայացնել:
Քննարկվեցին նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի կազմակերպչական հարցեր: Նկատելով, որ համաժողովը լավ հնարավորություն է Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ շփումները խորացնելու համար` փոխվարչապետը մարզպետներին նաեւ հանձնարարեց առաջարկներ ներկայացնել` կոնկրետ գործընկեր տարածաշրջանների հետ համագործակցության եւ համաժողովի օրակարգի վերաբերյալ:
Քննարկվեցին նաեւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին