Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Արվեստում լավագույն դպրոցը տապալվելն է»

Հոկտեմբեր 05,2013 17:38

«Նոր թատերաշրջանի բացման եւ Անգլիայում կայացած փառատոնում գրանցած հաջողությունների առիթով այսօր «Տեսակետ» ակումբում հյուրընկալվել էր Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Ռուբեն Բաբայանն ասաց, որ բոլոր թատրոններում նոր թատերաշրջանը սկսվում է սեպտեմբերից: Իրենք այս տարի բեմադրել են երկու նոր ներկայացում` մեկը մանկական («Ծուղրուղու»), մյուսը մեծահասակների համար է, որը, Ռ. Բաբայանի խոսքերով, ոչ այնքան ներկայացում է, որքան բանաստեղծություն («Ձին»): Մոնո-ներկայացում է, խաղում է Նարինե Գրիգորյանը: Հոկտեմբերի վերջին կբեմադրեն Թումանյանի «Շունն ու կատուն», իսկ տարեվերջին կլինի ամանորյա հանդես-ներկայացում:

Անդրադառնալով բրիտանական փառատոնին` Ռուբեն Բաբայանն ասաց. «Փառատոնն անցկացվում էր երրորդ անգամ: Առաջին անգամ անցկացվել է Կանադայում, երկրորդ անգամ` Հարավային Կորեայում, իսկ այս անգամ Մեծ Բրիտանիայում էր: Փառատոնը կարևորում էր ժամանակակից հետաքրքիր բեմական լուծումները: Եվ Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումն ընտրված էր հենց այդ ասպեկտով: Մեր ներկայացումը առանձնացվեց ոչ միայն հետաքրքիր բեմական լուծումներով, այլև փայլուն դերասանական խաղով»:

Ռուբեն Բաբայանը չցանկացավ խոսել ապագա ծրագրերի մասին. «Երբ որ կհասունանա, կհասնի այն մակարդակին, որ հնարավոր լինի առանց ամաչելու ներկայացնել, կներկայացնենք: Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է ունենա նաև տապալվելու իրավունք, ավելին` արվեստում լավագույն դպրոցը տապալվելն է: Ես չեմ սիրում նախօրոք խոսել պատրաստվող գործերի մասին, որովհետև դրանով կարծես թե ինչ-որ հաջողության պարտավորություն ես վերցնում ուսերիդ»,- ասաց Ռ. Բաբայանը:

Անդրադարձ եղավ նաև «ՀայՖեստ» փառատոնին, որի շրջանակներում Ռ. Բաբայանը ներկայացնում է իր «Ծուղրուղու» և «Ձին» ներկայացումները: Գնահատելով փառատոնը` նա ասաց. «Կարծում եմ` այս տարվա «ՀայՖեստ»-ն ավելի հետաքրքիր է, քան վերջին մի քանի տարիներինը, համենայն դեպս, այն երկու ներկայացումները, որ ես հասցրել եմ դիտել, շատ հետաքրքիր են: Հուսով եմ, որ մենք էլ հետ չենք մնա»:

Հարցին, թե Տիկնիկային թատրոնում ինչպե՞ս են կարողանում գրավել մանուկ հանդիսատեսին, ինչպե՞ս են որոշում երեխաների ճաշակը, Ռ. Բաբայանը պատասխանեց. «Թատրոնն ընդհանրապես սուտ չի հանդուրժում, իսկ մանուկ հանդիսատեսը` առավել ևս: Եթե մեծահասակը կարող է քաղաքավարությունից դրդված նստել մինչև վերջ, ապա երեխան շատ ճիշտ և ժամանակին արձագանքում է: Ճաշակը բարդ խնդիր է: Քանի որ ես Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն եմ, փորձում եմ այնպես անել, որ այն, ինչ արվում է, համենայնդեպս, իմ ճաշակին դեմ չլինի: Սակայն սա բնավ չի նշանակում, որ բոլոր ներկայացումները բեմադրվում են նույն էսթետիկական լուծումներով, հակառակը` ներկայացումները շատ տարբեր են, տարբեր ռեժիսորներ են բեմադրում: Պարզապես ամեն ինչ պետք է անել արվեստի լեզվով, չի կարելի գռեհկություններ անել, չի կարելի երեխային սովորեցնել. նա հոգնում է: Արվեստում չի կարելի ասել` սա լավ է, իսկ սա վատ է, գնա և սովորիր, այդ ամենը պետք է անել արվեստի լեզվով: Պետք է երեխաներին մեծացնել ազատ մտածողությամբ, ազատ երկիրը պետք է ունենա ազատ բնակիչներ, եթե այդ երկրի քաղաքացին ազատ չէ, երկիրը չի կարող ազատ լինել»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031