«Եթե 2006 թվականին մարդիկ իրականում չէին գիտակցում, թե ինչ խնդիրներ կարող է առաջ բերել հանքի շահագործումը, հիմա իրենք անմիջականորեն առնչվում են այդ բոլոր հետևանքների հետ»,- հոկտեմբերի 5-ին «Ելակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թեղուտի բնակիչ Նարե Սմբատյանը:
Ասուլիսի թեման էր «Թեղուտ հանքի շահագործման անդառնալի հետևանքները. Թեղուտը երեկ, այսօր, վաղը»: Ասուլիսի բանախոսներն էին բնապահպան ակտիվիստներ Գայանե Բաբլոյանը, Եղիա Ներսիսյանը, Լևոն Ստեփանյանը:
Նարե Սմբատյանի խոսքերով այժմ Թեղուտի բնակիչները արդեն իրենց մաշկի վրա են զգում հետևանքները. «Փոշին է, որ առավոտից-երեկո իրենք պարտավոր են շնչել, որը առաջացել է պայթեցումների հետևանքով: «Թեղուտ ՓԲԸ-ն» խոստացել էր, որ ջրցան մեքենաները կվերացնեն այդ խնդիրը, բայց, իրականում, չեն զբաղվում այդ խնդրով: Կա ջրի խնդիր՝ իրենց աղբյուրները ցամաքել են. Ոռոգման և խմելու ջուրը քչացել է պայթեցման հետևանքով: Կան կյանքին սպառնող ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ ջրահեռացման թունելի փլուզումը, այնտեղ լուրջ սողանքի վտանգ կա: Ակնհայտ է, որ «Վալլեքսը» այնպիսի ծրագիր է իրականացնում, որ Թեղուտը լինի առանց թեղուտցիների»:
Լևոն Ստեփանյանը նշեց, որ 2007 թվականի նոյեմբերի 28-ին այդ ժամանակ դեռ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ձեռքով ստորագրած Թեղուտը հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը լիովին իրականացված չէ. Ամբողջ գյուղով պետք է անցկացվեին ճանապարհներ, անցկացվեր գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում. «Մենք, որ այցելեցինք, այնպիսի ողբալի վիճակ տեսանք. Ո՛չ ջուր կար, ո՛չ գազ կար, էլ չեմ ասում մնացած բնապահպանական խայտառակ խնդիրները: Իրավական առումով մոտ 77-ի հասնող ներպետական, ներօրենսդրական, ինչպես նաև միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ են խախտվում: Մասնավորապես՝ խայտառակություն է, որ այնտեղ գյուղացիների հողակտորները քառակուսի մետրը 33-44 դրամով են վաճառվել: Ըստ էության, այսօրվա Թեղուտը իրենից ներկայացնում է ինչ կատարվում է Հայաստանում, դրա միկրոմոդելը»:
Կարդացեք նաև
Ակտիվիստը շեշտեց, որ հանրային վայր հանդիսացող Թեղուտի սրբավայր բնակիչները կարող են մուտք գործել միայն անցաթղթերով, քանի որ «Վալլեքս գրուպը» փակել է դարպասները:
Ակտիվիստ-բնապահպան Եղիա Ներսիսյանը հակադրվեց Լևոն Ստեփանյանի խոսքերին՝«Թեղուտը ոչ թե միկրոմոդելն է, այլ հենց Հայաստանն է»
Ամի Չիչակյան