Բանաստեղծ Հուսիկ Արային ապօրինաբար դուրս են թողել գրողների և նկարիչների համար կառուցվող բնակելի շենքի բնակարանների ցուցակից: Այդ մասին այսօր բանաստեղծը խոսեց «Հայնյուզ» լրատվական ակումբում:
Հուսի Արայի փոխանցմամբ` իրենց խոստացել էին, որ կառուցվող բնակարանները մատչելի կլինեն գրողների և նկարիչների համար, եւ այդ ծրագիրն իրականացվում է նախագահի երաշխավորությամբ: «Ես այդ ժամանակ չունեի 20 տոկոս կանխավճարի գումարը և ստիպված էի սպասել: Բայց, բարեբախտաբար, 2011թ. արժանացա Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության սահմանած գրական մրցանակին, և Արա Աբրահամյանի տրամադրած գումարը ոգեւորված շտապեցի բնակարանի կանխավճարին ուղղել եւ 1 մլն 615 հազար դրամ վճարեցի «Արարատ» բանկին՝ որպես 20 տոկոս կանխավճար մեկ սենյականոց բնակարանի համար, քանի որ 2 կամ 3 սենյականոցի հնարավորություն չունեի, սա էլ, ինչպես հասկացաք՝ հազիվ, մի կերպ: Մնացած 80 տոկոսի համար դիմեցի «ՎՏԲ բանկ»՝ վարկ ստանալու համար»,-ներկայացրեց Հուսիկը` հավելելով, որ բանկը պատրաստակամություն է հայտնել եւ տրամադրել վարկը, որի պատասխանը ներկայացրել է ԵՊՀ շրջանավարտների միավորում:
«Իրավաբան Արմենը, որը զբաղվում էր մեր բնակարանների հարցով, ասաց, որ դեռ շենքը պետք է կառուցեն եւ որոշակի աստիճանի հասցնեն, որից հետո տեղյակ կպահենք, եւ վարկի ու վճարման հարցը կկարգավորեք: Ես էլ գոհ ու բավարարված, որ այս կարեւոր հարցը լուծեցի, եկա և սպասեցի: Մոտ 2 ամիս առաջ էլ ԵՊՀ-ից զանգահարեցին, թե եկեք և ձեր բնակարանի ներքին հարդարանքը որոշեք՝ ըստ ձեր ճաշակի: Սակայն երեկ նույն ԵՊՀ-ից զանգահարեցին, թե ձեր բնակարանն այլևս ձերը չի, ուրիշին ենք տրամադրել: Ինչո՞ւ: Թե՝ վճարման ժամկետը մինչև հոկտեմբերի 1-ն էր, իսկ այսօր հոկտեմբերի 1-ն է: Բայց ո՞վ է ինձ տեղյակ պահել. ինձ ասել են՝ սպասիր, ես էլ սպասում եմ»,-բորբոքված պատմեց Հուսիկը` նշելով, որ անմիջապես դիմել է «ՎՏԲ բանկ»: «Այնտեղից պատասխանեցին, որ ինչ պայմաններով հաստատել ենք ձեր վարկը, նույն պայմաններով ուժի մեջ է, մենք չենք փոշմանել եւ չենք մերժել, հակառակ դեպքում ձեզ տեղյակ կպահեինք, ոչ թե ԵՊՀ-ին: Ուրեմն ո՞վ է աչք դրել իմ բնակարանին և հաջողացրել, որ ինձ հանեն ցուցակից»,-զարմանքով հարցրեց տուժողը:
Ըստ բանախոսի` գրողների անվան տակ կառուցվող շենքից գրեթե ոչ մի գրող չի օգտվել, բացառությամբ ավագ սերնդի մի քանի գրողների, ովքեր առձեռն վճարելու հնարավորություն ունեին:
Կարդացեք նաև
Հուսիկ Արան նամակով դիմել է ՀՀ նախագահին, որովհետև այդ ծրագիրը նրա երաշխավորությամբ է իրականացվել, եւ եթե այդքան գումար ինքը դներ բանկում, շատ ավելին կարող էր ձեռքբերել, սակայն որեւէ արձագանք առայժմ չի ստացել. «Ես չեմ հասկանում սա երկիր է, թե գերեզմանոց»,-ասաց նա և ավելացրեց, որ օրինական ճանապարհով ինքը դիմել է, սակայն լկտի, ցինիկ վերաբերմունքի է արժանացել: «Գումարներ հավաքում են, շենքը կառուցում են եւ վաճառում են ուրիշի»,-ասաց նա և ավելացրեց, որ «հնարավոր է` երկու-երեք հազար դոլար վերցնում, դնում են գրպանները և բնակարանն ուրիշի են տալիս, այս ամենի արդյունքում ես «քցվեցի»:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ