Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է նման հանդիպումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրներն ու հնարավոր մարտահրավերները:
Այդ համատեքստում, կողմերը մտքեր են փոխանակել ինտեգրացիոն հարցերի, մասնավորապես, Հայաստան-Մաքսային միություն, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային մակարդակով հնարավոր զարգացումների շուրջ:
Վարչապետ Սարգսյանը պատասխանել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են մեր երկրի տնտեսական քաղաքականությանը, արտագաղթի խնդրին, կառավարման, արդարադատության և տարբեր բնագավառներում նախատեսվող բարեփոխումներին, քաղաքացիական հասարակության զարգացմանը ու բազմաթիվ այլ հարցերի:
Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ