Երեկ երեկոյան հունական Հռոդոս կղզում արդեն երկու օր ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի մշակութային ծրագրում համերգով հանդես եկան Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը եւ Արմեն Հյուսնունցը`ԱՎԱ տրիոն: Տարվա այս եղանակի համար անսովոր ցրտերն անգամ չխանգարեցին համերգին. մարդիկ եկել էին ծածկոցներով փաթաթված:
Հայ երաժիշտներն իրենց բարձրակարգ, գեղեցիկ եւ յուրօրինակ կատարումներով մեծ տպավորություն գործեցին ներկաների վրա: Բավականին յուրօրինակ էր նաեւ կոմիտասյան մշակումների ջազային տարբերակի մատուցումը, ինչը ապշեցրեց ներկաներին:
Արդեն համերգի վերջում, երբ երաժիշտները իրենց շնորհակալական խոսքն էին ասում, միջոցառման մասնակից հայ պատվրակներից մեկը, դիմելով նրանց, հարցրեց`բա «Արարա՞տը»: Արտո Թունջբոյաջյանն էլ հումորով պատասխանեց. «Արարատը» մնաց Երեւանում»:
Ի դեպ, հայ երաժիշտներն ակտիվորեն մասնակցեցին նաեւ համաժողովի մշակութային քննարկումներին`ներկայացնելով իրենց պատկերացումներն ու մոտեցումները արդի երաժշտական զարգացումների մասին: Շատ դրական ընկալվեց Արտո Թունջբոյաջյանի խոստովանությւոնը. «Ես անգրագետ եմ, ես երաժշտության մեջ գիտելիքներ չունեմ: Ես երգում ու նվագում եմ այն, ինչն իմ սրտից է գալիս»:
Քննակմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի նախկին վարչապետ, Անգլիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նրա ելույթը նվիրված էր մարդու եւ երաժշտութան կապին: Քննարկման ժամանակ կարեւորվեց այն, որ երեխաներին պետք է սովորեցնելերաժշտություն լսել, լավ եւ ճիշտ երաժշտական կրթություն տալ երեխային`հնարավորություն ընձեռելով, որպեսզի նա լիարժեք մարդ զարգանա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հռոդոս
Շատ ավելի լավ կանեին, որ Կաքավիկին ձեռք չտային: Ավելի հրաշք քան Կոմիտասի՝ կաքավիկն է,
դժար թե, որևէ մեկը ստեղծեր: