Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սիսակյանի բնակիչներին վիճակահանությամբ վերաբնակեցնելը հարցի լուծում չէ

Հոկտեմբեր 05,2013 13:59

Օրերս Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիսակյան փողոցի թիվ 3 վթարային շենքի մոտ 25-30 բնակարանների բնակիչներին բնակարաններ հատկացնելու գործընթացը կազմակերպել վիճակահանության սկզբունքով, ինչը հարուցել է վթարային շենքի մի քանի բնակիչների դժգոհությունը: Շենքի բնակիչների խոսքերով՝ չնայած նրան, որ շենքում կան առավել վթարավտանգ բնակարաններ, եւ առաջնահերթ հենց այդ բնակարաններից պետք է հրատապ տարհանել բնակիչներին, փոխքաղաքապետ Նիկոյանը վիճակահանության տարբերակն ամենաարդարն է համարում: Գործը վիճակահանությանն է հասել այն բանից հետո, երբ բնակարանների փոխհատուցման լուրը լսելուն պես՝ Սիսակյանի բնակիչներն իրար մեջ իսկական տան կռիվ են սկսել՝ ոչ մի կերպ չհամաձայնելով իրենց տեղը զիջել ժամ առ ժամ փլվող այն բնակարանների տերերին, որոնք գտնվում են հատկապես շենքի կողային հատվածներում:

Նշենք, որ Աջափնյակ համայնքի Սիսակյան 3 շենքն ամբողջությամբ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ճանաչվել է վթարային, շենքի կողային ճակատների եզրային հատվածները՝ 4-րդ կարգի վթարային: Այս տարվա հունվարի 17-ին էլ ԱԻՆ-ի մասնագետների կողմից տրված եզրակացությամբ՝ Սիսակյան փողոցի թիվ 3 հանրակացարանի վթարային շենքը ենթակա է քանդման: Չնայած դրան՝ ՀՀ կառավարությունն այս տարի մտադիր էլ չէր այս շենքի հարցը լուծել, սակայն վերջերս այդ շենքից տեղի ունեցած քարաթափումից հետո հատկապես շենքի կողային հատվածի բնակարանների վիճակն ավելի է լրջացել. այդ օրը բնակիչները վախից ողջ գիշեր դրսում անցկացրին: Այս միջադեպից հետո Երեւանի քաղաքապետարանը խնդիր էր դրել գոնե ծայրահեղ պայմաններում գտնվող բնակարանների հարցը լուծել:

Երեկ «Առավոտի» խմբագրություն եկած Սիսակյան շենքի մի քանի բնակիչներ, որոնց թվում կային նաեւ շենքի ոչ այնքան վտանգավոր հատվածում բնակվողներ, իրենց վրդովմունքը հայտնեցին վիճակահանության տարբերակով մարդկանց վերաբնակեցման հարցը լուծելու առնչությամբ: Նրանք գտնում էին, որ վիճակահանությամբ հարցը կրկին չի լուծվում, եւ միեւնույն է՝ եթե վիճակահանությամբ շենքի կողային հատվածում բնակվող բնակչի բախտը չբերի եւ չվերաբնակեցվի, ապա նրան տարհանելու հարցն այդպես էլ հրատապ է մնում: Սիսակյանի բնակիչները գտնում են, որ բնակիչների ազատ կամքին թողնելու ընտրությունը նույնպես ճիշտ չէ. «Շենքի կողային հատվածում կա բնակարան, որտեղ հղի կին է ապրում, այդ տունը ամեն վայրկյան փլվելու ենթակա է»:

Բնակիչների խոսքերով՝ վիճակահանությամբ վերաբնակեցումը հակասում է տրամաբանությանը հատկապես այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան գրությամբ առավել վթարված սանհանգույցների շահագործումը դադարեցնելու հարց է բարձրացրել։ «Հարկերի միջեւ ի՞նչ վիճակահանության մասին կարող է խոսք լինել, եթե առավել վթարված 3-րդ եւ 2-րդ հարկերի սանհանգույցների պատերն ու պատշգամբն ուղղակի փլվում են: Այս պարագայում նշյալ եւ 4-րդ հարկերի բնակիչների կյանքի անվտանգության ապահովումը խիստ հրատապ է»,- փոխքաղաքապետին ուղղված դիմումում գրում են բնակիչները:

Նրանց խոսքերով. «Եթե փուլային տարբերակով Սիսակյան 3 վթարային շենքի վերաբնակեցման համար քաղաքապետարանի կողմից չկիրառվեն խիստ առաջնահերթության

սկզբունքով նախատեսված անհրաժեշտ իրավական հիմքով սահմանված չափորոշիչներ, ապա վթարված մուտքի բնակիչները, առավել եւս վթարված հարկի բնակիչները շարունակելու են իրենց ընդվզումները՝ սկսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանից մինչեւ ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատները՝ պահանջելով քաղաքապետարանից արդարացի մոտեցում»։

«Սիսակյան 3 շենքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մենք առաջարկել ենք աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր հնարավոր տարբերակները: Ես կարծում եմ՝ ամենադեմոկրատական ձեւը բնակիչներին հրավիրելն ու նրանց հարցնելն էր, թե ինչ սկզբունքով են ուզում: Սակայն շենքում չկա որոշակի կարծիք, բոլորն ասում են՝ առաջինը մեզ պիտի տաք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Ըստ նրա, օրինակ՝ առաջարկել են շենքի մի ամբողջ հարկ վերաբնակեցնել եւ այդ հարկը փակել, որպեսզի նորից չվերաբնակեցվի նոր մարդկանցով. «Երկրորդ տարբերակը վիճակահանությունն էր՝ ում բնակարան ընկնի, նա էլ տեղափոխվի, որպեսզի որեւէ մեկը չմտածի, որ կարող է կողմնապահություն լինել, 3-րդ տարբերակով առաջարկեցինք հարկերով վիճակահանություն անել, սակայն որեւէ տարբերակ միանշանակ չանցավ՝ բացի վերջին տարբերակից: Սակայն ընդամենը մեկ ժամ հետո սկսեցին բողոքներ գրել, նույնիսկ այն մարդիկ, որոնք կողմ էին քվեարկել: Դրանից հետո ես հասկացա, որ այդ շենքում չկա միասնական կարծիք: Մենք կանգնած ենք խնդրի առաջ. եթե մենք քայլ ենք անում, լուծում ենք տալիս, ուզում ենք, որ բնակիչներն էլ դժգոհ չմնան, բայց թե որն է դժգոհ չմնալու լուծումը՝ չկա: Մի քանի բնակիչ առանձնացել են, ասում են՝ ամենավթարային հատվածներից, բայց եթե ենթադրում ենք, որ դա քանդվող շենք է, ապա վթարայնության տեսանկյունից չկա նման հասկացություն, որ շենքի մի կտորն ավելի վթարային է, մյուս կտորն ավելի վթարային չէ: Եթե շենքի մի կտորը փլվի, ամբողջ շենքը վտանգի տակ է»,- ասաց պարոն Նիկոյանը: Նրա խոսքերով՝ ամենաարդար որոշումն այն կլիներ, որ բնակիչներն իրար մեջ որոշեին եւ իրենց առաջարկներն անեն քաղաքապետարանին. «Սակայն քանի որ չեն կարողանում, ուստի միակ տարբերակը մնում էր վիճակահանությունը: Իմ կարծիքով, որը ես չեմ ուզում որեւէ մեկին պարտադրել, դա վերեւի հարկի վերաբնակեցումն է եւ ամբողջ հարկը փակելն է, որովհետեւ այդ շենքի հիմնական խնդիրները առաջացել են տանիքից: Երկու կողմերի պատերի քարաթափումն էլ է տանիքի պատճառով առաջացել: Բնական է՝ 5-րդ հարկի բնակիչները գոհ են իմ առաջարկից, մնացածները՝ դժգոհ: Մենք, այնուամենայնիվ, Սիսակյան 3 բնակիչների հետ պետք է տանենք այնքան բանակցություններ, ինչքան անհրաժեշտ է, միեւնույն է՝ այն շենքից, որից պետք է հատկացնենք բնակարաններ, դեռ պատրաստ կլինի երկու ամսից, այսինքն՝ մենք ունենք ժամանակ եւ պետք է բավարար բացատրական աշխատանք տանենք, որ բոլորը հասկանան, որ մենք ամենաարդար տարբերակն ենք ուզում: Նրանք պիտի գան համոզման, որ բոլորով միասին պետք է քննարկենք, թե որն է ամենաարդար տարբերակը, եւ լուծումը գտնենք»:

Նշենք, որ քաղաքապետարանի որոշմամբ՝ Սիսակյան շենքի բնակիչների մի մասին բնակարաններ կհատկացվեն Մարգարյան 37 հասցեում գտնվող նորակառույց շենքից եւ տարբեր համայնքներում առկա բնակֆոնդերից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031