Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ մոտ դատարանը ոչ միայն անդեմ չէ, այլեւ՝ վրիժառու»

Հոկտեմբեր 05,2013 13:55

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվեց Հրաչյա Մխեյանի գործի քննությունը՝ նախկին կնոջ՝ Հասմիկ Մխեյանի դեմ: Նախկին ամուսիններն իրենց համատեղ կյանքի ընթացքում՝ 1995 թվականին, բազմաբնակարան շենքում ձեռք էին բերել մի բնակարան, որի համասեփականատերերն իրենք երկուսով են: Հրաչյան առաջին անգամ գործը ներկայացրել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հայցով՝ բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը կողմերի միջեւ բաժանելու պահանջի մասին: Նախագահող դատավոր Նաիրա Հովսեփյանը որոշում էր կայացրել, որ նրանց բնակարանը պետք է հրապարակային սակարկություններով վաճառվի: Պատասխանող կողմ Հասմիկ Մխեյանը վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որտեղ էլ դատավորը Նաիրա Հովսեփյանի վճիռը բեկանել էր ամբողջությամբ՝ վերադարձնելով այն կրկին անգամ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այդ դատական նիստն անցկացվեց դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ: Նիստին ներկա էին պատասխանող կողմի ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը, հայցվոր Հրաչյա Մխեյանը, իսկ հայցվորի ներկայացուցիչը դահլիճ մտավ 16 րոպե ուշացումով, երբ դատավորն արդեն իսկ անցել էր դատաքննության: Դատավորի այն հարցին, թե հայցվորը ցանկանո՞ւմ է միջնորդություն ներկայացնել, Հրաչյայի՝ դատարանում որպես ներկայացուցիչ՝ Համլետ Ստեփանյանը ներկայացրեց երկու միջնորդություն. «Առաջին միջնորդությունս այն է, որ պետք է նշանակվի փորձաքննություն, որպեսզի որոշվի, թե որքա՞ն արժեր բնակարանը փորձաքննության պահին եւ ըստ այդմ՝ տեխնիկապես առանձնացնել Հրաչյայի բաժնեմասը: Միջնորդություն ունեմ նաեւ հայցապահանջն ավելացնելու մասով»: Պատասխանողի ներկայացուցիչը՝ Մարո Խաչատուրյանն առարկեց երկու միջնորդությունն էլ, քանի որ գործը գտնվում էր դատաքննության փուլում: Բացի դա՝ Հրաչյան, որպես հայցվոր, ունեցել էր այդ հնարավորությունը մինչ գործը վերաքննիչ դատարան հասնելը: Նա, ի սկզբանե, սխալ էր ձեւակերպել հայցապահանջի բովանդակությունը եւ չէր առաջնորդվել օրենքի նորմով, որն էլ եղել էր հիմք, որ պատասխանողը Նաիրա Հովսեփյանի վճիռը բողոքարկի Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: Դատավորն ընդունեց Մարոյի առարկումը եւ հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը մերժեց: Դատավորն իր հերթին հայցվոր կողմին հիշեցրեց, որ գործը գտնվում է ոչ թե նախնական դատական նիստում, այլ անցում են կատարել դատաքննության, իսկ եթե կար իրավունքի խախտում, ապա այդ մասին պետք է վաղուց մտածած լինեին: Մարոն դատարանից խնդրեց, որպեսզի հայցն ամբողջությամբ մերժվի: Դատաքննությանը ներկայացված ապացույցներից էին՝ Հրաչյայի եւ Հասմիկի ամուսնության վկայականը, բնակարանի սեփականության իրավունքի պատճենը, Հրաչյայի եւ Հասմիկի անձնագրերի պատճենները եւ հաշտության համաձայնության օրինակը:

Վճռի հրապարակման օր է նշանակվել 2013 թվականի հոկտեմբերի 9-ը:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Մարո Խաչատուրյանն ասաց. «Այս գործը պետք է ավարտվեր դեռեւս ՀՀ վերաքննիչ դատարանում, քանի որ գործում առկա փաստական հանգամանքները եւ ապացույցները թույլ էին տալիս փոփոխել դատական ակտը եւ մերժել հայցը, ինչը եւ խնդրել էինք դատարանից, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործը ուղարկել էր նոր քննության: Կարծում եմ, որ պատճառը իմ միջնորդություններն էին դատավորներ Ա. Թումանյանին, Գ. Մատինյանին եւ Լ. Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու մասին, ինչից հետեւում է, որ մեզ մոտ դատարանը ոչ միայն անդեմ չէ, այլեւ՝ վրիժառու»:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031