Աշխարհի ժողովուրդների դյուցազնավեպերը լավագույնս արտացոլում են, թե ինչպիսին է յուրաքանչյուր ազգի իդեալ-հերոսը` Իլյա Մուրոմեցից մինչեւ իսպանական Սիդ ու հայոց Սասնա Դավիթ: Բայց ժամանակն իր պահանջներն է թելադրում եւ, բնականաբար, յուրաքանչյուր ժամանակ իր իդեալ -հերոսն է ծնում: Որքան էլ տխուր է խոստովանելը, մենք այսօր իդեալ չունենք: Անհերոս ժամանակներում ենք ապրում: Եվ ուրեմն, Րաֆֆու ապրած ժամանակաշրջանի հանգույն` ծրագրային հարցեր պիտի դնենք եւ կարողանանք լուծել դրանք: Այլապես, մենք շարունակելու ենք ապրել մի ժամանակաշրջանում, որտեղ իդեալի, դրական հերոսի պակաս կա։ Տեղը բաց է: Դրա համար էլ ով ասես կարող է հավակնել այդ տեղին`օրենքը ես եմ` տրամաբանությամբ առաջնորդվող կրիմինալից սկսած` ավարտած` շուստրիությունն ու քծնանքն իբրեւ հաջողության հասնելու ուղիղ ճանապարհ ընտրած կարիերիստը:
Մինչդեռ մեր զավակներին, նոր սերնդին իրական դրական հերոսի օրինակ է պետք` մեր կողքին ապրող մարդկանց կերպարներ, որոնք աշխարհ են եկել`գիտակցելով, որ կոչված են հենց այն գործին, ինչն իրականացնում են սիրով եւ նվրումով: Քանզի կոչված են… Վահան Արծրունին այդ կոչվածներից մեկն է:
Արդ, մեր հերոսի՝ երգահան, երգիչ Վահան Արծրունու համար ով կամ ովքեր են այն կերպարները, որոնք իրենց կոչմանը հավատարիմ, նվիրումով ապրել ու արարել են:
Բժշկագետի կտակը
Կարդացեք նաև
Նա մահացավ՝ մինչ այդ՝ կտակելով իր սիրտը եւ ուղեղը Երեւանի պետական բժշկական ինստիտուտին: Հիմա ինստիտուտի անատոմիական թանգարանում, որ մեր ազգային երեւելիներից մեկի՝ բժշկագետ ու համաճարակաբան, բառարանագետ ու հասարակական գործիչ, պրոֆեսոր Վահան Արծրունու (1857-1947թթ.) անունն է կրում, կարող ենք տեսնել գիտնականի սիրտը եւ ուղեղը՝ մարդ էակի այս երկու բարձրագույն օրգանները՝ որպես պրեպարատ: Ինչ է սա, եթե ոչ՝ անմնացորդ նվիրում. իր սիրտը, որ սերն էր եւ ուղեղը, որ բանականության հավաստումն էր, նա ծառայեցրեց գիտությանը՝ որպես պատրաստուկ թողնելով ուսանողների համար, որ եկող սերունդները կարողանան ուսանել դրանց վրա:
«Սա իրական նվիրումի դրսեւորում է, որն անմեկնելի է: Ոչ կարող ես սրան որեւէ բան գումարել, ոչ էլ՝ պակասեցնել: Տեսեք, ինչ տեսակի հետ գործ ունենք, մարդն ապրել ու լուռ ու մունջ, մասնագիտական իր բնագավառում կատարել է իր գործը, ընդ որում՝ ողջ կյանքը նվիրաբերելով մասնագիտությանը: Եվ ոչ միայն կյանքը՝ այլեւ կյանքից անդին… Նման մեկ օրինակ, երեւույթ, դրսեւորում կարո՞ղ եք մեջբերել մերօրյա կյանքում: Որեւէ օրինակ չկա»,– երգահան, երգիչ Վահան Արծրունին հարազատ պապի՝ լեգենդի հանգույն կյանքի ու մահվան առաջ խոնարհվում է: Մենք եւս, քանզի արժանի է խոնարհումի…
Վահան Արծրունու կանաչ սենյակը՝ որպես մեծ աշխարհի իր անկյունը
Գիտնական-մտավորականների հրաշալի մի փաղանգ՝ Վահան Արծրունի, Հակոբ Մանանդյան, Հրաչյա Աճառյան, էլի ուրիշներ այն հրավիրյալ մասնագետների առաջին սերունդն են, որոնք նորաստեղծ պետական համալսարանի ակունքներում էին: Հիմա Երեւանի պետհամալսարանի նախասրահում մտնողին դիմավորում են անցյալ դարասկզբին հայ գիտակրթական տարբեր ոլորտներում սկզբնավորողների դերը ստանձնած մեր երեւելիների կիսանդրիները, որոնց մեջ է նաեւ երգահան, երգիչ Վահան Արծրունու պապը՝ բժշկագետ Վահան Արծրունին: «Բոլորը դրսից հրավիրված էին, բոլորը փայլուն մասնագետներ էին եւ նրանց շնորհիվ էր հենց, որ մեկ-երկու տարի հետո համալսարանից սկսեցին անջատվել բժշկական ինստիտուտը, ժողովրդական տնտեսության ինստիտուտը, պոլիտեխնիկը եւ այլն… Հիմքն իրենք էին դրել, այսինքն՝ իրենց հրավիրել էին համալսարան հիմնելու համար:
Ներկային Ղազար Փարպեցի փողոցում է գտնվում երաժիշտ Վահան Արծրունու բնակարանը: Արծրունիների հարկի ներքո բազմիցս հյուր լինելով հասկացել եմ՝ Վահանի համար այն մեծ հայրենիքի իր փոքրիկ ոգեղեն անկյունն է՝ եւ՛ տուն, եւ՛ ստեղծագործական արվեստանոց: Տունը լի է հիշատակներով, Վահանի կանաչ սենյակը ոչ միայն անցյալի գույնն ու բույրն է ամփոփում իր պատերի մեջ, այլեւ կահավորանքը՝ իր անվանակից պապի գրասեղանը, անձնական իրերը, պահարան, բազմոց ու բազկաթոռ, որպես ժառանգություն փոխանցված կերպարվեստի նմուշներ… եւ սեւ ու սպիտակ՝ ազնվականության դրոշմը դեմքերին անձանց՝ Արծրունիների լուսանկարները: Այստեղ է նաեւ հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ, «Մշակ» հասարակական-քաղաքական-գրական օրաթերթի խմբագիր Գրիգոր Արծրունին, նրա եղբայր Անդրեաս Արծրունին… «Նրանք եւ իմ պապը ընդհանուր պապիկ են ունեցել, այսինքն՝ հորեղբորորդիներ են եղել: Արծրունիների մեծ գերդաստան է եղել Թիֆլիսում հաստատված… Նրանց բազան Թիֆլիսն էր, բայց իրենց հայրն ամեն ինչ արեց, որ երեխաները բարձր կրթություն ստանան արտերկրում՝ Սանկտ Պետերբուրգ, Սորբոն… Գրասեղանն ամբողջովին պապիկինս է, մայրիկս ամեն բան պահպանեց»:
Երեւանի պետհամալսարանում շուրջ 50 տարի դասավանդած, մինչեւ 90-ականների վերջը բնագիտական ոլորտի մասնագետներին անգլերեն ուսուցանող տիկին Նարիս Արծրունին կանաչ սենյակի իրերի ոգին եւ էությունը սրբորեն փոխանցել է որդուն: Վահանն էլ՝ վստահ՝ իր զավակներին կփոխանցի՝ Անայիս եւ Անդրեաս Արծրունիներին:
Փոքր միջավայրն է ուղղորդում արարման
-Վահան, ձեր կյանքում, իբրեւ անհատ ձեր կերտման հարցում ընտանիքի եւ միջավայրի՝ դպրոց, բուհ, բանակ եւ այլն, դերն ու նշանակությունն ինչ հարաբերակցություն ունեն: Այլ խոսքով՝ որ ինստիտուտին եք կարեւոր դեր վերապահում մարդ-անհատի կայացման մեջ:
-Երբ ասում են միջավայրն է դաստիարակում եւ կամ՝ դպրոցը, պիտի դաստիարակի եւ այլն, ճիշտն ասած՝ զարմանում եմ: Իմ դաստիարակությունը, հիմնական գիտելիքներն ու հետաքրքրությունները ընտանիքիցս է գալիս: Այսինքն, ոչ ոք ինձ դպրոցում, փողոցում կամ ինչ-որ տեղ չեն դաստիարակել, դա ինքնաբերաբար, ինքնադրսեւորվող մի գործընթաց է, ըստ իս՝ յուրաքանչյուր ընտանիքում: Սա լուրջ կոմպլեքս է՝ սկսած նրանից, թե ինչ գրքեր կան քո գրապահարանում, վերջացրած` գենետիկայով: Բայց նաեւ ինքնադրսեւորումն է շատ կարեւոր: Մեր աչքի առաջ է Կոմիտաս վարդապետի օրինակը՝ փոքր երեխա, որը հայերեն էլ չգիտեր՝ թուրքերեն էր երգում: Հարց է ծագում՝ այդ ինչպես ստացվեց, որ 1-2 տարի ճեմարանում սովորելով՝ նա հասկացավ, թե որն է իր կյանքի կոչումը: Այսինքն, բավական է ստեղծվի, առաջանա մի միջավայր, ուր կարող ես դու ինքնադրսեւորվել, եւ այդ գործընթացը տեղի կունենա: Ուրեմն, կարեւոր է, թե միջավայրն ուր է քեզ ուղղորդում: Այս պարագայում ձեր հարցին պատասխանելով՝ ասեմ՝ ամեն ինչ արեց իմ ընտանիքը, մայրս, որ ես դառնամ այն, ինչ դարձա: Իմ մանկության ու պատանեկության տարիներին չեմ ունեցել որեւէ արգելք, սահմանափակում հետաքրքրություններիս հանդեպ՝ սկսած սպորտից, վերջացրած` նկարչությամբ, երաժշտական գործիքներով: Ինչ ցանկացել եմ՝ լող, ձյուդո եւ այլն, պարապել եմ, բոլոր գրքերը, որ ցանկացել եմ՝ ունեցել եմ: Բայց դա հենց այնպես չի տրվել ինձ: Կհիշեք՝ 70-ականներին մակուլատուրա էինք հանձնում, որ որոշակի գրքեր ձեռք բերելու կտրոններ ստանայինք: Մայրս գիտեր, որ ես ժամերով գիշերները նստած սպասում էի, թե երբ պիտի հերթս հասներ, մակուլատուրան հանձնեի եւ կտրոնով ասենք՝ ֆրանսիացի նշանավոր գրող Մորիս Դրյույոնի կամ մեկ այլ հեղինակի գիրքը վերցնեի:
Ըստ իս, ի վերջո, փոքր միջավայրն է ուղղորդում մարդուն արարման, մեծը՝ միշտ միտված է հակառակ գործողությանը, այսինքն, արժեքների մասին նախնական պատկերացում փոխանցող-տվող փոքր մշակութային իրականությունը քանդելուն:
Շարունակելի
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ