Այսօր` հոկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, ԴիջիԹեք ցուցահանդեսում, «Նաիրի» կոնսորցիումը ներկայացնելու է «Նարիր» լաբորատորիա կրթական համակարգերը, որոնք հեղափոխություն են 6-10-րդ դասարանների աշակերտների համակարգչային ուսուցման, աշխատանքի ուսուցման, ինֆորմատիկայի ուսուցման, ռոբոտաշինության բնագավառում:
Ներդնելով նման լաբեր կրթական հաստատություններում` աշակերտները, ուսանողները հնարավորություն են ունենում մատչելի և արագ սովորել ծրագրավորման հիմունքներ, ռոբոտների ծրագրավորում, միկրոէլեկտրոնիկա, և ի վերջո սովորում են ստեղծել սեփական ռոբոտներ և միկրոէլեկտրոնային սարքեր:
«Նաիրի» լաբերն իրենց մեջ ներառում են «Արաքս» հայկական օպերացիոն համակարգը, «Այգեստան» և «Բերձոր» համակարգիչները, եռաչափ տպիչներ, ֆրեզերային կտրիչներ, «Աղուէս» ծրագիրը: Վերջինս ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված Scratch ծրագրի մոդիֆիկացված և հայաֆիկացված տարբերակն է։ Այն նպաստում է աշակերտների ալգորիթմական և լայնածավալ մտածելակերպի զարգացմանը, հետագայում ծրագրավորման գործընթացի հեշտ յուրացմանը։ Աշակերտները սովորում են գույնի և սահմանների ծրագրավորում, ռոբոտի շարժման հետագծի վերահսկում և փոփոխականների ու ցուցակների կիրառում։
Ներկայումս «Նաիրի» կոնսորցիումը Հայաստանյան բուհերի հետ ձեռք է բերել կրթական բարեփոխումների մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես «Նաիրի» լաբերի ստեղծումը։ Այդպիսի լաբեր նախատեսվում են տեխնիկական բուհերի համար:
Կոնսորցիումի հիմնադիրներն են` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, «Այբ» կրթական հիմնադրամը, «Արթին Վարուժան» ՓԲԸ, «Սայմոտեկ» ՍՊԸ, «Արաքս» օպերացիոն համակարգի աշխատանքային թիմը, «Փուլ» ՍՊԸ, «Մասիս ԻՀ» ՍՊԸ, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» Հիմնադրամը:
«ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդեսը կտեևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը, իսկ հովանավորը` «Սատիս» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Կարդացեք նաև
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների
Ձեռնարկությունների Միություն