Հոկտեմբերի 7-ին նշվող Գրադարանավարի օրվա առիթով այսօր, «Հանդիպման վայրը՝ գրադարան» ծրագրի շրջանակներում, որն անցկացվում է 2011թ.-ից, կրթամշակութային այս օջախները դարձյալ կաշխատեն մինչեւ ժամը 23-ը:
«Առավոտը» հյուրընկալվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին, զրուցելու գրադարանում՝ առաջինը հանրապետությունում, ներդրված ընթերցողների էլեկտրոնային սպասարկման եղանակից օգտվող ընթերցողների եւ ընդհանրապես գրադարանի ու 9 մասնաճյուղերի այցելուների հաճախելիության, կազմակերպվող միջոցառումների եւ այլ խնդիրների մասին: «Էլեկտրոնային գրադարան» ծրագրով մեզ մոտ տեղադրված մեծաքանական թվայնացված գրականությունից ընթերցողն օգտվում է շուրջօրյա: Ընդհանրապես, հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենք 27.346 ընթերցող, շուրջ կես միլիոն գրքի շրջանառություն, որից 40 հազարը էլեկտրոնային ընթերցանության թիվն է: Տեղադրված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիական բազաներին (էլեկտրոնային գրականություն, համակարգչային սպասարկում, էլեկտրոնային գիրք եւ այլն) զուգահեռ՝ օգտագործվում են գրադարանային դասական սպասարկման գործառույթներ: Հունվարի 1-ից դասական գրացուցակներին զուգորդել է էլեկտրոնայինը, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեղեկանալ Իսահակյանի անվան գրադարանի գրքային հավաքածուին, այլեւ հանրապետության որոշ մեծ գրադարանների պաշարին: Շուրջ մեկ տարի է՝ գործում է մեր «Երեւանյան գրքի ակումբ» ֆեյսբուքյան էջը՝ հարթակ տրամադրելով երիտասարդ ստեղծագործողներին: Ընդ որում, էջում on line շփվում են 400-ից ավելի երիտասարդ արվեստագետներ եւ այլն: Գրադարանում անցկացվող միջոցառումներից բացի, ճեմասրահում տեղադրված էկրանը ամեն օր տեսաշարի միջոցով հիշեցնում է, ներկայացնում օրվա հոբելյանին՝ մեր մշակույթի անվանի դեմքերից»,- հայտնեց տիկին Կարապետյանը: Ժպտալով հավելեց, թե ֆեյսբուքյան էջում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի խաղի նման էլ հարցախույզ են անցկացնում՝ որոշելու վերջին հարյուրամյակում հայերս ո՞ր հեղինակին ու ստեղծագործությանն ենք առաջնություն տալիս: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իր տնօրինած գրադարանի մասնաճյուղերն այլեւս ունեն համակարգիչներ, որոնց միջոցով մասնաճյուղի ընթերցողը կարողանում է միանալ կենտրոնական գրադարանի սերվերին եւ օգտվել «Էլեկտրոնային գրադարան» ծրագրից:
Հիշեցրինք, թե վերջին 20 տարիներին հատկապես հանրային գրադարանները խեղճանում են ֆոնդերի համալրման հարցում: Տիկին Կարապետյանը, հաստատելով ասվածը, նշեց, որ շատ կարեւոր են նաեւ հանրայինների տեխնիկական վերազինումը, մասնագիտական որակավորման դասընթացների անցկացումը եւ սպասարկման բարձր կուլտուրան: «Իսահակյանի» մասնաճյուղերի մասին էլ ասաց, որ քաղաքապետարանի ծրագրով նախատեսված են 2014-17թթ. վերանորոգման աշխատանքներ բոլոր 9 մասնաճյուղերում:
Անդրադառնալով «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով միջոցառումներին, ներկայացրեց դրանցից մի քանիսը, որոնց վերնագրերը խոսուն են՝ «Իսահակյանը եւ երաժշտությունը», «Կոմիտաս», «Իմ Երեւան» եւ այլն:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ