700 մլն դոլարի եվրոպարտատոմսերի վաճառքն արեւմտյան երեք խոշոր բանկերին շարունակում է քննարկվել Հայաստանի ֆինանսական շրջանակներում: Արդյոք այս ձեւով հնարավո՞ր է բարելավել մեր վճարային հաշվեկշիռը եւ սատարել բիզնեսին, թե՞ սա էժան ռուսական վարկն ավելի թանկ՝ 7 տոկոսանոց փողով փակելու անտրամաբանական գործարք է: Երեկ այս հարցերի շուրջ զրուցեցինք ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ, որն ընդհանուր առմամբ դրական է գնահատում գործարքը՝ համարելով, որ «արված քայլերից ամենամեծ հիմարությունը սա չէ»: – Պարոն Ասատրյան, կառավարությունը եվրոօբլիգացիաների տեղաբաշխումը ներկայացնում է որպես մեր միջազգային հեղինակությունը բարձրացնող ու հաջողված գործարք: Նաեւ կարծիքներ կան, որ սա շատ թանկ փող է: Ձեր գնահատականը ո՞րն է: – Եվրոբոնդերի տեղաբաշխումն ավելի լավ միջոց է, քան երբ պարտք ես վերցնում կոնկրետ երկրներից, քանի որ սա շուկայական միջոց է: Ոչ թե ինչ-որ պետության առաջ, կոպիտ ասած, վիզ ես ծռում, բանակցում ես, այլ հանում ես շուկա եւ վաճառում ես: Այսինքն, դա օբյեկտիվ գինն է, եւ միշտ նման դեպքերում պետք է հետադարձ կապի մասին էլ մտածել՝ որ պետության ռեյտինգը բարձր լինի, կարգուկանոն լինի, տնտեսական լավ վիճակ: Մինչդեռ, եթե երկրից է փոխառությունը, ապա կոնկրետ հարաբերություններ են պետք, բանակցություններ: – Նաեւ քաղաքական նախապայմաններ կարող են դրվել: – Իհարկե, քանի որ փողը նաեւ քաղաքականություն է, ազդեցություն է: Իսկ այս դեպքում դա շուկա է, մարդիկ են գնորդները, ֆինանսական հաստատությունները, եւ քաղաքական գործոնը բացակայում է: Բացի դա, ժամանակի ընթացքում, եթե կանոնավոր վճարում ես, մեծանում է նորից պարտք վերցնելու հավանականությունը: Մինչդեռ երկրների միջեւ հարաբերություններն այսօր կան՝ վաղը չկան: Համաձայն եմ, որ այդ 7 տոկոսը թանկ է, բայց իբրեւ առաջին գործարք, սա վատ տոկոս չի: Այս պահին դու ունես ռուսական այդ խայտառակ վարկը, որը լիբեր+3 տոկոս է:
Սյուզան Սիմոնյան
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: