Մոտ երկու շաբաթ է`ՀՀ Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարում Գյումրու քաղաքապետարանում: Սա շատերը կապում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Գյումրի կատարած այցի հետ, որը թեև մի կողմից փորձում է պատժել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` նրա շրջապատի մարդկանց յուրացումներ կատարելու կասկածանքով ձերբակալել տալով, ու նաև նախկին քաղաքագլխին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում այլ կարգի վերահսկիչներ, օրինակ`սանէպիդի աշխատակիցներ ուղարկելով, մյուս կողմից էլ հսկողության տակ է վերցնում նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Ի՞նչ ստուգումներ է անցկացնում ՀՀ վերահսկիչ պալատը Գյումրու քաղաքապետարանում, ո՞ր ոլորտներն է ուսումնասիրում, սա արտահե՞րթ, թե՞ հերթական ստուգումներ են, այս հարցերի շուրջ Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց ՀՀ վերահսկիչ պալատի մամլո քարտուղար Աննա Վարդանյանից: Նա հայտնեց, որ սա արտահերթ ստուգում չէ, այլ Վերահսկիչ պալատը տարեկան պլանային ստուգում է անցկացնում Գյումրու քաղաքապետարանում, և ուշադրության կենտրոնում գնումների համակարգն է:
Աննա Վարդանյանի փոխանցմամբ, 2013 թվականին գնումների համակարգում ստուգումներ անցկացնելը ՀՀ Վերահսկիչ պալատի ծրագրերից էր, որի մասին և նախապես հայտարարվել է:
Ըստ Վերահսկիչ պալատի մամլո քարտուղարի, ստուգումների արդյունքների, արձանագրված խախտումների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ դրանք դեռ չեն ավարտվել: Իսկ արդյունքները կհրապարակեն այն դեպքում, երբ ստուգումներն ավարտվեն, հաշվետվությունները կազմվեն, որոնք և կհաստատվեն խորհրդի նիստում: Ըստ նրա, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքը ևս թույլ չի տալիս` ստուգումների արդյունքները հրապարկել` առանց խորհրդի նիստի հաստատման:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ