Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երկկողմանի ծնողազուրկ երեխաներին գցել է պարտքերի տակ. արդեն մի քանի ամիս է այս երեխաներին հասանելիք նպաստը չի վճարվում, իսկ նրանք, ովքեր բացի այս նպաստից, այլ եկամտի աղբյուր չունեն, կամ օգնող չունեն` ապրելու համար պարտքեր են կուտակել:
Aravot.am-ի հետ զրույցում 23 ամյա Ամին պատմեց, որ 4 ամսվա նպաստը չի ստացել, եւ երբ փորձել է սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային ծառայությունից պարզել, թե ինչն է պատճառը, պատասխանել են. «Ծրագրային խնդիր կա, միայն դուք չեք, ամբողջ Հայաստանում այդ նպաստները չեն ստանում»:
Ամիի ներկայացմամբ`ծառայության տարածքային պետն էլ իր հերթին վստահեցրել է, թե մտահոգված է խնդրով, ասելով. «Ինձանից ինչ պետք է՝ անում են, ես ինքս եմ երաշխավորում, որ ստանաք 3 ամսվա նպաստը»:
«Ես ուսանող եմ, ու միշտ ամառային արձակուրդներից վերադառնալուց հետո միանգամից ստանում եմ 3 ամսվանը, բայց սրան գումարվեց նաեւ սեպտեմբեր ամսվանը ու դեռ պարզ էլ չէ, հոկտեմբերին կստանա՞նք, թե` ոչ: Ինձ ուղարկել էին նախարարություն, բայց այստեղից էլ ասացին, որ տեխնիկական խնդիր կա, ծրագրավորողները փորձում են ճշտել, ու չեն էլ վստահեցնում նոյեմբերին արդեն խնդիրը լուծված կլինի՞, թե՞ ոչ: Պարտքեր ենք վերցնում, պարտքատերերին խոստանալով, որ ասենք` հոկտեմբերին կտանք, բայց փաստորեն ստում ենք: Հիմա պարտքերի մեջ կորել ենք»,-նեղսրտած պատմեց Ամին, որի ամսական նպաստը 80 հազար դրամ է, եւ ինչպես մեր զրուցակիցն ասաց, եթե անգամ նոյեմբերին էլ ստանան գումարը, ամբողջը պարտքերի մարմանն էլ ուղղելու, ու նորից ստիպված պարտք վերցնելու` ապրելու համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ահա թե որտեղից՝ 70 միլիոն եվրո, կազինոյի փողը: