Այսօր «Մեդիամաքս»-ի գրասենյակում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացված են Հայաստանում ու Արցախում Շարժման ակունքների մոտ կանգնած մարդկանց հուշերը:
Շնորհանդեսին հանդես եկավ «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանը: Խոսելով գրքի ստեղծման մասին` նա հայտնեց. «Այս գիրքը ստեղծվել է «Մեդիամաքս»-ի կայքում 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին հրապարակված «Շարժում 1988/25» հատուկ նախագծի նյութերի հիման վրա»:
Կարդացեք նաև
Արա Թադևոսյանն ասաց, որ նախագիծը նախօրոք նախատեսված չի եղել, գաղափարն առաջացել է նրանից հետո, երբ Ստեփանակերտից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ ստեղծվել է 25-ամյակի հարցերով զբաղվող պետական հանձնաժողով:
«Որոշեցինք Շարժումը ներկայացնել նրա մասնակիցների աչքերով` Երևանից և Ստեփանակերտից: Շատերը կասեն, որ այս կամ այն պատմության մեջ այս կամ այն փաստը ճիշտ չի ներկայացվել, կամ, միգուցե, ներկայացվել է այլ լույսի ներքո: Թերևս, սա ևս անխուսափելի է. որքան մարդիկ, այնքան կարծիքներ ու վարկածներ»,- ասաց Արա Թադևոսյանը:
Շնորհանդեսին հանդես եկավ նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որի հուշերը նույնպես ընդգրկված են «Շարժում 1988/25» գրքում: Վերհիշելով Շարժման տարիները` Վազգեն Մանուկյանն ասաց. «Կյանքիս ամենամեծ հոգեկան վերելքն ապրել եմ, երբ հանրահավաքում իմ առաջին ելույթի ժամանակ հազարավոր աչքեր էի տեսնում` չնայած, որ ասում էի բաներ, որոնք նրանց համար այնքան էլ ընդունելի չէին: Բոլորը համոզված էին, որ մենք ունենք մշտական թշնամի` ի դեմս Թուրքիայի, և մշտական բարեկամ` ի դեմս Ռուսաստանի: Իսկ ես ասացի, որ մենք ոչ մշտական բարեկամ ունենք, ոչ էլ մշտական թշնամի»:
Լրագրող Տիգրան Հակոբյանն էլ, կարևորելով «Շարժում 1988/25» գրքի լույսընծայումը, ցանկություն հայտնեց ապագայում տեսնելու նաև նրա հատորները և հավելեց. «Ավելին ասեմ, այս գիրքը պետք է կարդան դպրոցներում. ինքնաճանաչման առումով այն շատ բան է տալիս»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Տեսանյութը՝ 1in.am·ի