Լրահոս
Օրվա լրահոսը

Regnum. Հայաստանին հաջողվեց երկու աթոռի վրա նստել. եվրոպացի փորձագետ

Հոկտեմբեր 04,2013 17:32

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից հետո Երևանի և Բրյուսելի հարաբերությունները չեն սառել, այլ շարունակում են զարգանալ: «Ռեգնում» լրատվական գործակալությանն ասել է լեհ փորձագետ, Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը հիմա էլ է պատրաստ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն:

Ըստ Պիսկորսկու, այս խոսքերով երկրի նախագահը հասկացրել է, որ Հայաստանը կարող է եվրոպական և եվրասիական նախագծերի միջև ինչ-որ տիպի կապ դառնալ:

«Սա երկու ինտեգրացիոն միավորումների միջև կամուրջ դառնալու հայց է: Սակայն, ցավոք, այն կախված չէ ո՛չ Հայաստանից, ո՛չ նրա նախագահից, ո՛չ էլ եվրոպական կամ եվրասիական առանձին պետություններից: Հարցը կլուծվի ամենաբարձր մակարդակում: Իրականում ամեն ինչ կախված է քաղաքական կամքից և որոշումներից, որոնք կընդունվեն Եվրամիության և Եվրասիայի՝ «լոկոմոտիվներում»՝ Գերմանիայում և Ռուսաստանում», – ասել է նա՝ նշելով, որ եթե ապագայում այդ երկու կառույցների ինտեգրացիոն նախագծերն ուղղվեն մերձեցմանը և համագործակցությանը՝ Հայաստանի դերը զգալիորեն կբարձրանա:

Հարցին, թե ինչու նման կամուրջի դերը չի ստանձնում Ուկրաինան, փորձագետն ասել է, որ թեպետ Ուկրաինան տնտեսական և աշխարհագրական դիրքի առումով ավելի հարմար կամուրջ է երևում, սակայն Հայաստանն իր առավելություններն ունի. «Եվրոպացի պաշտոնյաները Ուկրաինայի իշխանությունը ասոցացնում են կոռուպցիայի, ծախվածության, կաշառակերության հետ: Ուկրաինան ամբողջովին օլիգարխիկ կերպար ունի:  Այդ իմաստով Հայաստանի գործերը շատ ավելի լավ են, վստահելիության մակարդակը շատ ավելի բարձր է:  Դրան է ավելանում հայկական սփյուռքի ներուժը, որը լավ ներկայացված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում»:

Ըստ Պիկորսկու Հարավային Կովկասում Հայաստանն այժմ ամենակայուն գործընկերն է՝ բացատրելով դա նրանով, որ Ադրբեջանում նախընտրական շրջան է և շատ անհանգստացնող իրավիճակ է, Վրաստանում քաղաքական գործիչները կողմնորոշված չեն, ինչպես նաև շուտով նախագահական ընտրություններ են լինելու և իշխանությունը կարող է նորից փոխվել. «Փաստորեն Հայաստանին հաջողվեց միանգամից երկու աթոռի վրա նստել՝ մտնել ՄՄ և չխզել կապերը Եվրամիության հետ: Եվ պետք չէ մոռանալ, որ եվրոպացի քաղաքական շատ գործիչներ հասկանում են՝ Հայաստանը գտնվում է այնպիսի վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում, որ նրան անհրաժեշտ են ոչ միայն ԵՄ-ի տնտեսական անվտանգության երաշխիքները, այլև Ռուսաստանի ռազմաքաղաքական», – ասել է նա՝ ավելացնելով, որ ԵՄ-ն չի կարող ռազմաքաղաքական հարցում երաշխիքներ տալ, սակայն եթե երկու կառույցների միջև մերձեցման գործընթաց սկսվի Հայաստան շատ բարենպաստ դիրքում կհայտնվի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031