Երեւանի թափառող կենդանիներին որսալու, ստերջացնելու ու վնասազերծելու համար «Յունիգրաֆ իքս» ընկերությանը 2006-ին հատկացվել է 120 միլիոն դրամ, 2008-ին` 150 միլիոն, 2009-ին հատկացվել է 180 միլիոն, 2013-ին` 220 միլիոն դրամ: Սակայն, ինչպես կենդանիների խնամքով եւ պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններն են փաստում, «Յունիգրաֆ իքս»-ի կատարած ստերջացումից հետո շատ շներ պարզապես սատկում են: Բացի այդ, կենդանիների պաշտպանները նշում էին, որ ընկերությունն արդյունավետ պայքար չի մղում թափառող կենդանիների դեմ: Այսօր, Կենդանիների համաշխարհային օրվա առիթով, «Մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր քննարկում` թե «Յունիգրաֆ իքս»-ին պետբյուջեից հատկացվող գումարներն ինչպես են ծախսվում եւ ինչ օրենսդրական բացեր կան, որ մեզ մոտ լիարժեք չեն կարողանում պաշտպանել կենդանիների իրավունքները: Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը, սակայն, համամիտ չէր, որ Երեւանից չեն պակասել թափառող շները` վստահեցնելով, որ 2006-ից ի վեր երեք անգամ նվազել է կծելիության քանակը:
Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, նույնիսկ զարգացած երկրներում թափառող կենդանիների հարցը չի լուծվում. «Մեծ Բրիտանիայում 200 տարուց ավելի զբաղվում են այս խնդրով, բայց խնդիրը կա: Թափառող կենդանիները մեծ վտանգ են ներկայացնում բնակչության համար, քանի որ 45 տեսակի հիվանդություն են առաջացնում մարդու համար: Այն գումարը, որը հատկացվում է վնասազերծում իրականացնելու համար, բոլորովին էլ մեծ գումար չէ: Մոսկվայի համեմատությամբ՝ օրինակ՝ 1 շան հաշվով` որսալու, ստերիլիզացնելու, կացարանում պահելու համար ծախսվում է 299 անգամ ավելի գումար, քան Երեւանում»: Պարոն Հունանյանի մեկնաբանությունները` տեսանյութում.
Հարցին, թե ինչո՞ւ է «Յունիգրաֆ իքսը» կիրառում վնասազերծման տեխնոլոգիան, պարոն Հունանյանը պատասխանեց օրինակ բերելով այլ երկրներից. «ԱՄՆ-ում տարեկան ոչնչացվում էր 12 միլիոն թափառող կենդանի: Նույնիսկ հրազեն է կիրառվել կատուներին ոչնչացնելու համար: ԱՄՆ-ում ամլացնում են այն կենդանիներին, որոնք տրվում են մարդկանց: Ստերիլիզացման համար ահռելի գումարներ են պետք, 3 անգամ ավելի թանկ արժե, քան վնասազերծումը եւ բյուջեն պետք է ոչ թե 200 միլիոն, այլ` 600 միլիոն տրամադրեր»:
«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի ներկայացմամբ, ինչպես աղքատության հաղթահարման ռազմավարություն չունենք, ինչի պատճառով էլ մեր երկրում չի վերանում աղքատությունը, այնպես էլ շների հարցը լուծելու ռազմավարություն չկա, այդ պատճառով էլ խնդիրը չի լուծվում: Նրա դիտարկումները` շուտով տեսանյութում
Կարդացեք նաև
«Դինգո թիմ» հ/կ անդամ Ալին Գոյանի խոսքերով, իրենց կազմակերպությունը անձնական միջոցների հաշվին որսում է թափառող շներին եւ ստերջացնելուց հետո տալիս որդեգրման: Ըստ նրա, «Յունիգրաֆ իքսի» անասնաբույժների կողմից ամլացված կենդանիները «մի քանի ամսից դատապարտված են մահվան», ինչը, Ալին Գոյանի խոսքերով, չի բացառվում, որ միտումնավոր է արվում:
Հարցին, ինչու է մրցույթում մշտապես հաղթում «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը, պարոն Հունանյանն ասաց, որ մրցույթին մասնակցության հայտ ներկայացնող չկա, քանի որ ով էլ ցանկություն հայտնի մասնակցելու, մրցութային պայմաններով, պետք է զանգվածային ստերջացման առնվազն երեք տարվա փորձ ունեցած լինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ