Նորապատ գյուղում խոտի դեզը միտումնավոր ոչնչացնելու գործով 3 ձերբակալված երիտասարդներին ազատ արձակելու պահանջով այսօր մեղադրյալների հարազատներն ու մի խումբ ակտիվիստներ Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել:
Մեղադրյալներից Արամ Մուղալյանի մայրը` Վարդուհի Շափաթաղյանը, ասաց, որ իրենք առաջին հերթին պահանջում են փոխել տղաների խափանման միջոցը. «Որովհետեւ տղաներին կալանքի տակ պահելու որեւէ տրամաբանություն չկա: Համաներումը տարածվում է նրանց վրա եւ նրանց տուն թողնելու վերաբերյալ գրավոր մեր պահանջի մերժումը որեւէ հիմք չունի, որովհետեւ համաներմամբ նրանք մի 2 շաբաթից ազատության մեջ են լինելու: Մեր հաջորդ պահանջն է ` ապահովել արդար դատավարություն, այնուհետեւ արդարացնել տղաներին, հետո բացահայտել նախաքննության ընթացքում թույլ տված բազմաթիվ կեղծիքներ»;
Արդեն մի քանի օր հացադուլի եւ ջրադուլի մեջ գտնվող Մուղալյանի մայրը նաեւ պատմեց, որ որդու վիճակը բավարար է: Հենց որդու մասին խոսելու ժամանակ էլ տիկին Շափաթաղյանին զանգեց փաստաբանը եւ հայտնեց, որ որդին քիչ առաջ ջրադուլը դադարեցնելու որոշում է ընդունել. «Բժիշկները ցույց են տալիս համապատասխան օգնություն, կատարողական հիմնարկի պետը շատ ուշադիր է եւ ինչ-որ պետք է արվում է այնտեղ»:
Տիկին Շափաթաղյանն իրենց գրավոր պահանջները հանձնեց եւ Գլխավոր դատախազությանը եւ Վճռաբեկ դատարանին:
Կարդացեք նաև
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արման Դանիելյանն էլ կրկին պնդեց, որ անհեթեթ մեղադրանք են ներկայացրել եւ այդ գործում հանցակազմ չկա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ